ՓԱՌԱՏՈՆԸ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՄԻՋՈՑ

   Ապրիլի 11-13-ը «Երևանյան հեռանկարներ» փառատոնը Եվրոպական փառատոնների ասոցացիայի հետ համատեղ Բյուրականում կազմակերպել էին արվեստի մենեջմենթի դասախոսություններ:
    Եռօրյա դասախոսությունների ընթացքում Եվրոպայից ժամանած երեք բանախոսները ներկայացրին մշակութային կյանքը Եվրոպայում ընդհանուր առմամբ` հիմնված վիճակագրության վրա, միգրացիայի խնդիրները, միգրացիայի հետևանքով ստեղծված մշակութային իրավիճակը, ինչպես նաև գերմանական փառատոնների օրինակով խոսվեց կազմակերպչական մեխանիզմներից:
    Առաջին օրը դասախոսությունը վարում է «Budapest Observatory» կազմակերպության տնօրեն Պիտեր Ինկեն: Նա ներկայացրեց «Budapest Observatory»-ի և «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ստեղծման պատմությունը: Նա նշեց, որ այն երկրները, որ դիմել և մտել են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մեջ, ինքնըստինքյան հայտնվել են կազմակերպության ուսումնասիրության կենտրոնում և իրանց տարբեր ծրագրերի մաս են կազմում: «Արևելյան Եվրոպայի երկրներից շատերը, այդ թվում` Վրաստանը և Ուկրաինան, արդեն միացել են նախագծին,- նշեց Պ. Ինկեն,- այնինչ Հայաստանը դեռևս չի միացել, թեպետ Հայաստանին մեր կողմից եղել է առաջարկություն միանալու»: Բանախոսը նշեց, որ դա միայն մշակութային նախագիծ է և կապ չունի երկրի քաղաքական դիրքորոշման հետ:
peter inkei
    Հետաքրքիր էին Պիտեր Ինկեի ներկայացրած վիճակագրական տվյալները: Ուսումնասիրություններից մեկը նվիրված էր այն հարցին, թե Եվրոպական Միության և նրա հետ համագործակցող երկրներում ինչ խնդիրներ են մարդիկ տեսնում մշակույթի զարգացման համար: ԵՄ երկրներում մարդիկ ամենից մեծ խնդիրը համարում են այն, որ կառավարությունը չի գիտակցում մշակույթի կարևորությունը և բավարար ֆինանսավորում չի տրամադրում: Երկրորդ տեղում էր այն հարցը, որ ֆինանսները կենտրոնացած են մի քանի կազմակերպությունների ձեռքում: Այնինչ Արևելյան Եվրոպայի երկրներում առաջնային էր համարվել նպատակների անհստակությունը:
    Մյուս ուսումնասիրությունը նվիրված էր մշակութային կյանքում մարդկանց ներգրավվածությանը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Եվրոպական Միության երկրներում թատրոն հաճախելը մարդկանց առօրյայի մաս է, իսկ որքան դեպի արևելք ենք գալիս, այնքան նվազում է թատրոն հաճախող մարդկանց թիվը:
    Պիտեր Ինկեն նշեց, որ ԵՄ երկրներում մշակույթին տրամադրվող հիմնական ֆինանսներն առաջանում են հանրային փողերից: Եվ այն երկրներն են մշակութային կյանքում մեծ հաջողություն գրանցել, որտեղ հանրային փողերի որոշ պարտադիր տոկոս գնում է մշակույթին: Մեծ է նաև անհատ ներդրողների դերը:
     Երկրորդ օրը դասախոսություն կարդաց հրատարակիչ, Եվրոպական գիտությունների պրոֆեսոր Պոլ Շեֆերը` ներկայացնելով միգրացիայի խնդիրները Եվրոպայում և մասնավորապես իր երկրի` Նիդեռլանդների օրինակով ներկայացրեց, թե ինչպես է ներգաղթածների մշակույթը փոխում տվյալ երկրկի մշակույթը:
pall shefer
     Հետպատերազմական շրջանում աշխարհում սկսված զանգվածային միգրացիան զգալի ազդեցություն է ունեցել եվրոպական մշակույթի վրա: Նիդեռլանդներում դրա արդյունքում ձևավորվել է մի բազմազգ և սկզբնական փուլում բարդ հասարակություն, որտեղ մի կողմից ներգաղթածները փորձում էին պահել իրենց ինքնությունը և ամուր կառչում էին իրենց ավանդույթներին` մինչև իսկ հրաժարվելով սովորել իրենց հյուրընկալող երկրի լեզուն, մյուս կողմից` նոր երկրում գոյատևելու հրամայականը անհրաժեշտ էր դարձնում կտրվել այդ ավանդույթներից և դառնալ նոր երկրի լիարժեք քաղաքացի:  
       «Միգրացիան իր հետ միշտ կոնֆլիկտ է բերում»,- ասաց Պոլ Շեֆերը:
     Ամեն դեպքում հյուրընկալող երկրում ադապտացվելու, լիարժեք քաղաքացի զգալու համար անհրաժեշտ և ժամանակի ընթացքում բնական է դառնում կամուրջ ստեղծել գաղթած համայնքի և հյուրըկալած երկրի օրենքների, կեցության միջև, որը տեղի է ունենում ազգայինի` սեփական ավանդույթների և լեզվի կորստով: Այս գործընթացները օրինակ Նիդեռնլանդներում հանգեցնում են նրան, որ երկրորդ, երրորդ սերնդի այլազգիները դառնում են նիդեռլանդացի, որն էլ Շեֆերը համարում է հյուրընկալող երկրի նպատակը և ձեռքբերումը:
    Շեֆերը կարծում է, որ Երկիրը, որտեղից արտագաղթում են մարդիկ, իհարկե կորցնում, է, քանի որ սովորաբար արտագաղթում է փոփոխություններից չվախեցող, առավել նախաձեռնող մասը, իսկ երկիրը, որը բաց է և առանց վախի ընդունում է մարդկանց, կլանում է այդ պոտենցիալը և հարստանում:
    Շեֆերը կարևորեց այն հանգամանքը, որ որքան էլ նրանք դառնան նիդեռլանդացի, իրենց գենետիկ հիշողության մեջ կրում են իրենց երկրի, իրենց լեզվի հետ կապը, որն էլ արդեն հարստացնում է հյուրընկալող երկրին:
    Երրորդ օրը մասնակիցները լսեցին Բեռլինի արվեստի ակադեմիայի փոխնագահ Նել Հերթլինգի դասախոսությունը` նվիրված մշակութային ծրագրերի և մասնավորապես փառատոների կազմակերպման խնդիրներին: Նա ներկայացրեց, թե ինչպես փառատոնը կարող է վեր կանգնել բոլոր սահմաններից և միավորել մարդկանց, կոտրել պատնեշները, օգտակար լինել երկրին տնտեսապես և քաղաքականապես: Նա կարծում է, որ մշակույթը կարևոր է ինչպես ինքնին, այնպես էլ որպես գործիք քաղաքական և տնտեսական խնդիրների լուծման համար:  
nel
     Հաշվի առնելով, որ լսարանը Հայաստանի տարբեր մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներն էին` նա իր կազմակերպության պատմությամբ և իր երկրի օրինակով մոտիվացրեց նրանց` ցույց տալով հաջողության հասնելու ուղիներ, բայց նաև նշելով, որ հիմանական գրավականը, իհարկե, չընկրկելը և համառորեն աշխատելն է:
   Եվրոպական փառատոների ասոցացիայի նախագահ Հյուգո դե Գրիֆը ամփոփելով նշեց, որ իրենց նպատակն է կապեր հաստատել Հայաստանի հետ և խորհրդատվությամբ, ինֆորմացիայով օգնել այստեղ գործող փառատոններին:
    Փակելով ծրագիրը` «Երևանյան հեռանկարներ» փառատոնի ղեկավար Ստեփան Ռոստոմյանը նշեց, որ իրենք կփորձեն Հայաստանի ներսում տարբեր փառատոնները միավորող մեխանիզմներ գտնել, ցանց ստեղծել, որպեսզի Հայաստանում գործող հայտնի այլ փառատոններ ևս կարողանան դառնալ Եվրոպական փառատոնների ասոցացիայի անդամ:
    Հետաքրքիր դասախոսություններով և ակտիվ քննարկումներով ընթացած եռօրյա դասերը կարևոր էին և՛ հայ լսարանի համար` եվրոպական փորձին ծանոթանալու, և՛ դասախոսների համար` հայկական իրականության մասին պատկերացում կազմելու առումով:   
Հասմիկ Խեչիկյան
  • Created on .
  • Hits: 2656

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: