ՋՈՐՋ ՓԵՀԼԻՎԱՆՅԱՆԻ «ՄԵԾ ՀԱՄԵՐԳԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    «Մեծ  Եղեռնի 50-րդ տարելիցին, մայրս՝ Արփինե Փեհլիվանյանը, այս բեմի վրա երգել է, իսկ այսօր իր զավակներն են կանգնելու նրա փոխարեն»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Ջորջ Փեհլիվանյանը:
    Ապրիլի 18-ին աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Ջորջ Փեհլիվանյանը «Մեծ համերգով» հանդես կգա Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որին կմասնակցեն Երևանի անսամբլային նվագախումբը, «Միրզոյան կվարտետը», ԱՅԲ դպրոցի և ֆրանսիական միջազգային դպրոցի մանկական երգչախմբերը: Ելույթ կունենա  դրիրժորի քույրը՝ մենակատար Էլիզավետ Փեհլիվանյանը (սոպրանո):
    «Այս նախագիծը յուրահատուկ է, նման չէ իմ ղեկավարած մյուս համերգներին, որտեղ հանդես եմ գալիս մեծ նվագախմբով: Ցանկացա Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումը լինի ավելի ազգային, ուստի հանդես եմ գալիս երիտասարդների հետ, ովքեր մեր ազգի հույսն են ու ապագան»,- նշեց Փեհլիվանյանը:
    Համերգի ընթացքում Փեհլիվանյանը Միրզոյան քառյակի հետ ջութակ կնվագի, ինչը վերջին անգամ Հայաստանում արել է 1994-95 թվականներին:
    Ծրագրում կհնչեն Կոմիտասի, Ռավելի, Հարությունյանի, Այվազյանի, Շարաֆյանի ստեղծագործությունները:
Ամալյա Մարգարյան
  • Created on .
  • Hits: 2507

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: