«ԵՐԿՆՔԻ ԵԶՐԻՆ». ՊՐԵՄԻԵՐԱ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

  Փարիզի հանրահայտ Շատլե թատրոնում ապրիլի 21-ին` ժամը 21:30-ին, կկայանա «100 տարվա հիշողություն» խորագրով համերգ, որն ուղիղ հեռարձակմամբ կներկայացվի նաև հայ հանդիսատեսին  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
 «100 տարվա հիշողություն» խորագրով համերգը նվիրված է  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մոցարտի, Կոմիտասի, Ա. Խաչատրյանի ստեղծագործությունների հետ հանդիսատեսի դատին առաջին անգամ կներկայացվի նաև ֆրանսահայ երիտասարդ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի «Երկնքի եզրին» (տևողությունը՝ 30 րոպե) ստեղծագործությունը: Այն գրվել է սիմֆոնիկ նվագախմբի համար հատուկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
  Ֆրանսահայ կոմպոզիտորի հետ իր ծանոթության մասին է պատմում  ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն. «Մինչև Հայաստան գալս եմ ճանաչել Միշելին: Այդ ժամանակ նա դեռ երաժշտության մեջ չէր: Իմ օգնությամբ կրթաթոշակ ստացավ և գնաց Երուսաղեմ՝ աստվածաբանություն և հնագույն լեզուներ սովորելու: Ստեղծագործություններից էլ նրա այդ իմացությունը երևում է: «Երկնքի եզրինը» ստեղծագործություն է ապագայի մասին: Այն  ցույց է տալիս, որ հայերը ստեղծագործ ազգ են և  ապագա ունեն»:
 5421Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն տեղեկացրեց նաև, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ իրականացվում է վիրտուալ թանգարանի նախագիծ, որտեղ կընդգրկվեն շատ նյութեր, ինչպես ՀՀ ազգային արխիվից, այնպես էլ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության արխիվից:
 «Արխիվն ուսումնասիրելու ժամանակ մեծ հուզմունքով հայտնաբերել եմ, որ տատս ու պապս նավով Ֆրանսիա են գնացել 1922 թվականին»,- նշեց ծագումով  հայ, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը:
 «100 տարվա հիշողություն» խորագրով համերգին մասնակցում են Հայկական համաշխարհային նվագախումբը, «Գյուլբենկյան» երգչախումբը: Դիրիժորն է Ալեն Ալթինօղլուն: Որպես մենակատարներ հանդես կգան Հասմիկ Պապյանը, Վահան Մարտիրոսյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Գզավիե Ֆիլիպսը, Նորա Գուբիշը, Ժան-Մարկ Ֆիլիպս-Վարժապետյանը, Տիգրան Մարտիրոսյանը:
   Համերգը կազմակերպվել է Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների հովանու ներքո:

                                                                                                                Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2618

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: