ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ` ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

      Այսօր Վենետիկի 56-րդ բիենալեում, որին մասնակցում է 53 երկիր, Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին։ Հայաստանը հեղինակավոր այս հարթակում ներ­կայանում է  «Հայություն» խորագրով ցուցադրությամբ։ Տաղավարը տեղակայված է Սուրբ Ղազար կղզում` Մխիթարյան միաբա­նության տարածքում։Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցում  են սփյուռքահայ 18  արվեստա­գետներ: Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի մեծ ու փոքր քաղաքներում ստեղծագործող այս արվեստագետներին միավորում է իրենց ազգությունը։ Նրանք Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդներն են, ովքեր դաժան ճակատագրի բերումով հայտնվել են հայրենիքից դուրս, սակայն իրենց մեջ կրում են ազգային ինքնությունն ու հիշողությունը։ Բիենալեի տաղավարի համադրողն է Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը: «Ցուցահանդեսը «Հայություն» անվանելու համար ինձ ներշնչել է ֆրանսերեն Armenite բառը։ Այն ինձ թվաց նոր ու հարմար բառ, որպեսզի նկարագրեմ հայ արվեստագետների ու մտավորականների`   անընդհատ հոսքի մեջ գտնվող մի սերունդ` ինքնասահմանման իր բազմազանությամբ, որը, սակայն, պահպանել է աշխարհում լինելու սուբյեկտիվ զգացողությունը»,- այսպես է բնորոշել իր մտահղացումը հայկական տաղավարի համադրողը։
     Մայիսի 6-ին տեղի ունեցած հայկական տաղավարի բացմանը ներկա են գտնվել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը, Մխիթարյան միաբանության ընդհանրական աբբահայր Եղիա Քիլաղբյանը, իտալացի հայտնի արվեստագետներ ու արվեստասերներ։
   Տպագրվել է հայկական տաղավարում ներկայացված արվեստագետների աշխատանքների կատալոգը, որի հրատա­րակությունը իրականացրել է հանրահայտ իտալական SKIRA  («Սկիրա») հրատարակչությունը:
     Հայկական տաղավարի բացման արարողությանը նախորդել է մամուլի ասուլիս տաղավարը ներկայացնող բոլոր արվեստագետների մասնակ­ցությամբ. Նինա Խաչատուրյան (ԱՄՆ,Ֆինլանդիա), Սիլվինա Տեր-Մկրտիչյան (Արգենտինա, Գերմանիա), Հայկ Այվազյան (Լիբանան), Մելիք Օհանյան (Ֆրանսիա), Մխիթար Կարապետյան (Բելգիա), Նիկոլ Բեզջյան (ԱՄՆ, Սիրիա), Աննա Բողիգյան (Եգիպտոս, Կանադա), Ռոսանա Պալազյան (Բրազիլիա), Երվանդ Ջանիկյան և Անջելա Ռիկի Լուչի (Իտալիա), Արամ Ջիբիլյան (ԱՄՆ), Սարգիս (Թուրքիա, Ֆրանսիա), Հրայր Սարկիսյան (Սիրիա, ՄեծԲրիտանիա), Այկատերինի Ջեգիսյան (Հունաստան), Հերա Բույուկթաշջիյան (Թուրքիա), Ռենե Գաբրի և Այրին Անաստաս (Իրան, Պաղեստին, ԱՄՆ): Հայաստանը Բիենալեյում ներկայացնում է Միքայել  Օհանջանյանը:
   Հայաստանի տաղավարի ստեղծումն ու հաղթանակը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայում ՀՀ դեսպանության, համակարգողների, հայ արվեստագետների  ու բարերարների միասնական, հետևողական ու նվիրված աշխատանքի արդյունքն է։
Վենետիկի բիենալեն կգործի մինչև  նոյեմբերի 22-ը։
  • Created on .
  • Hits: 2756

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: