ԱՐՏ ՖԵՍՏ 2015

    «Արվեստը միշտ ունի ազատ տեղ, որն էլ լրացնում է նոր և ազատ սերունդը»․ Դավիթ Մուրադյան
 
    Այսօր  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի ունեցավ «Արտ Ֆեստ» հանրապետական երրորդ փառատոնի բացումը: Փառատոնը բացվեց «Մեկ թագավորի թատրոն» ներկայացմամբ։
    Նախքան բացման արարողությունը կազմակերպիչները և ժյուրիի անդամները հանդիպեցին լրագրողների հետ:
    Հանդիպման սկզբում ԵԹԿՊԻ ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանն անդրադարձավ փառատոնի ընթացակարգին և ներկայացրեց կատարված փոփոխությունները և փառատոնի հիմնական նպատակները:
    «Փառատոնը հիմնադրվել է, որպեսզի խրախուսի երիտասարդ արվեստագետներին, միավորի նրանց։ Մենք ուզում ենք,  որ մշակույթի մարդիկ՝ նկարիչներ, երաժիշտներ, դերասաններ, իրար հանդիպեն, որ ստեղծվի մշակութային մի ընտանիք»,- ասաց Դ. Մուրադյանը։
    Կինոգետը նշեց նաև,  որ պետք է  երիտասարդ սերնդին հնարավորություն տալ ինքնաբացահայտվելու․ «Կարևոր է արվեստագետների առաջին քայլը, որտեղ իրենց ուժերով ներկայացնում են բեմադրում, ընտրում դերասաններ, ձևավորում անում, մենք շնորհք չենք կարող նվիրել,բայց կարող ենք օգնել շնորհքով մարդուն դառնալ պրոֆեսիոնալ։ Արվեստը միշտ ունի ազատ տեղ, որն էլ լրացնում է նոր և ազատ սերունդը»։
    Արտ Ֆեստ փառատոնը միավորում է արվեստի մի քանի ճյուղ միաժամանակ․ թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ` իր ճյուղերով, այս տարի միացել են նաև դիզայնը և երգարվեստը: Մասնակցում են Հայաստանի այն բուհերը, որոնք ունեն մշակութային ֆակուլտետներ։
    Արտ Ֆեստ փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը հայտնեց, որ այս տարվա մասնակիցները ավելի լավ են պատրաստվել, նկատվել է նաև մասնակցության հայտերի զգալի աճ․ «Այս տարվա մասնակիցների թիվը մոտ 350 է։ Հուրախություն մեզ` այս տարի ակտիվ են  նաև մարզերի՝ Շիրակի,Լոռու,Կոտայքի և Արմավիրի մասնակիցները։ Սփյուրքից նույնպես ունենք զանգեր։ Նրանք  փառատոնին ներկա կլինեն որպես հյուր»։
ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը կարևորեց մեկ այլ փաստ, այն, որ նման փառատոնն առիթ է յուրաքանչյուր դերասանի համար ասպարեզ դուրս գալու և իրեն այդտեղ դրսևորելու․ «Մենք կարող ենք վաղը հանդիպել մի այնպիսի նկարչի, դերասանի, որն այս փառատոնի շնորհիվ առաջ կգա, ինչքան շատ առիթ լինի, այնքան շատ երիտասարդներ կմտնեն «այս խաղի» մեջ, յուրաքանչյուրը կստանա իր արժանի տեղը»։
    Այս տարի փառատոնին մասնակցում է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Կոմպոզիտոր Ե․ Երզնկյանը ուրախությամբ նշեց այս փաստը և հավելեց, որ կոնսերվատորիայի մասնակիցները պետք է անպայման կատարեն Կոմիտաս և իրենց մեջ կրեն կոմիտասյան գենը։
    Լուսանկարները տե՛ս այստեղ:
                                                                                       Ամալյա Մարգարյան 
  • Created on .
  • Hits: 2768

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: