ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ

    Ուկրաինայի, Մոլդովայի, Ֆինլանդիայի, Նիդերլանդների և Պորտուգալիայի կրթության ոլորտի և Եվրոպական համալսարանների ընկերակցության ներկայացուցիչները Հայաստանում են: Մասնագետ-փորձագետները մեր երկիր են ժամանել կրթական ֆորումին մասնակցելու համար:
    Մասնակիցները քննարկել են հարցեր` կապված Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի բուհական համակարգի ինքնավարության և կայունությանն առնչվող մարտահրավերների հետ: Խնդիրները և դրանց ընկալման համակարգային և ինստիտուցիոնալ մակարդակները ներկայացվել են զեկուցումների ձևով: Համեմատական վերլուծության միջոցով մասնակիցները կարողացել են գտնել լուծումներ վերհանված խնդիրների համար:
    Ֆորումի արդյունքների ամփոփումը տեղի ունեցավ մայիսի 13-ին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ): Արդյունքների հրապարակմանը ներկա էին նաև Բոլոնյան համակարգի կրթության նախարարներ և փորձագետներ (Երևանում շուտով տեղի է ունենալու նաև Բոլոնյան համակարգի նախարարական համաժողով):
    «Կարևոր էր հասկանալ՝ մենք ինչ մակարդակի վրա ենք, ինչպես է մեր այդ մակարդակը հարաբերվում համաեվրոպական մակարդակի հետ և ինչ ունենք անելու: Վերջին տարիներին շատ բաներ շտկել ենք: Մի քանի համալսարանների հետ ԵՊՀ-ն անցել է հիմնադրամի կարգավիճակի, ինչը  նախորդից մեկ քայլ առաջ է, բայց շատ համալսարաններ դեռ իրենց իրավական-կազմակերպական կարգավիճակը չեն փոխել: Այս  գործընթացին զուգընթաց  հնարավոր կլինի նաև մտածել հիմնադրամի մեկ այլ տարատեսակի մասին, որը շատ ավելի հարմար կլինի կրթական հիմնարկների, մասնավորապես՝ բուհերի համար»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
    Սիմոնյանի խոսքով՝ կրթության ոլորտին վերաբերող մի շարք օրենքներ փոփոխությունների կարիք ունեն, պետք է նաև հավասարակշռություն մտցնել համալսարանի ինքնավարության և արտաքին կառավարման համակարգերի միջև:
    Ռեկտորն ասում է, որ թեև առաջիկա հինգ տարիներին համալսարանը շատ բան ունի անելու, բայց մի շարք հարցերում արդեն այսօր առաջ է այլ երկրներից. «Ֆինանսական, կազմակերպչական ինքնավարության, կադրերի ընտրության, ԿԳՆ-ի հետ համագործակցության և մի շարք այլ  հարցերում  մենք ավելի առաջ ենք, քան Ուկրաինան և Մոլդովան: Զարմացա, երբ իմացա, որ Ուկրաինայում համակարգը կարծր է, ինքնավարության խնդիրը՝ ավելի սահմանափակ, քան Մոլդովայում»:
    Արամ Սիմոնյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է հետևի եվրոպական երկրների, ասենք՝ Ֆինլանդիայի օրինակին. «Փոքր երկիր է, կրթական համակարգն էլ՝ փոքր, համապարփակ, համապատասխան մեր մասշտաբներին: Այն փորձը, որ կուտակել է Ֆինլանդիան բարձրագույն կրթության ոլորտում վերջին տարիներին, արժե ընդօրինակել»:
    Եվրոպական համալսարանների ասոցիացիայի նախագահ Լեսլի Վիլսոնը նշեց, որ ընտրվել են այս երեք երկրները, քանի որ կրթական համակարգում կան ընդհանրություններ. «Ինքնավարությունը մի ոլորտ է, որ չափազանց կարևոր է բոլոր եվրոպական համալսարանների համար: Յուրաքանչյուր երկրի կրթական համակարգ մյուսից սովորելու բան ունի: Այս առումով երեք կողմերի համար էլ սա օգտակար ֆորում էր»: 
    Ինքնավարության չափանիշների մասին զրուցեցինք ԵՊՀ գիտական քարտուղար, «ATHENA»նախագծի հայաստանյան համակարգող, ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանի հետ:
    «Ինքնավարությունը չափման չորս չափանիշ ունի՝ կազմակերպական (համալսարանների կազմակերպական իրավիճակների և դրանից բխող բազմաթիվ սահմանափակումների մասին), ֆինանսական (որքանով են ինքնուրույն համալսարանները իրենց ռեսուրսները տնօրինելու հարցում), աշխատակազմի (աշխատանքի ընդունման, ազատման հարցեր) և ակադեմիական ինքնավարություն (բուհերի  ընդունելություն, առարկայական ծրագրեր): Իրավիճակի գնահատման, բուհերի տարբեր շահառուների կարծիքների  հիման վրա ձևավորվել է ճանապարհային քարտեզ համակարգային մակարդակում այնպիսի քաղաքականություն զարգացնելու համար, որը կնպաստի բուհերի  ինքնավարության զարգացմանը»,- տեղեկացրեց ԵՊՀ գիտական քարտուղարը:
    Ֆորումն իրականացվում էր Եվրամիության «Տեմպուս»ծրագրի «ATHENA» (Աջակցություն Եվրոպական հարևանության տարածքի բուհերի ինքնավարության ու կայունության ամրապնդմանը) նախագծի շրջանակներում: Ծրագրի համակարգողն է Եվրոպական համալսարանների ասոցիացիան: Նախագծի մեջ ներգրավված են Հայաստանը, Ուկրաինան և Մոլդովան: Որպես գործընկերներ Հայաստանից ներգրավված են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը, Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և Գավառի պետական համալսարանը: Նախագծի հայաստանյան համակարգողն է ԵՊՀ-ն:
    Լուսանկարները տե՛ս այստեղ
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2720

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: