ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

   Մեկնարկել է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագիրը: Դեռ 2012 թվականին յուրաքանչյուր տարվա մայիս ամսվա չորրորդ շաբաթը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակեց որպես գեղարվեստական կրթության շաբաթ: Այս նախաձեռնությանը հենց նույն տարում միացավ նաև Հայաստանը:
     2012-2014 թթ.-ին ծրագրի շրջանակներում  ՀՀ-ում անցկացվել է 125 միջոցառում, որոնց մասնակցել է շուրջ 5800 քաղաքացի:
          Այս տարվա միջազգային շաբաթվա ծրագրում ընդգրկված են 36 բազմաբնույթ ծրագրեր ու միջոցառումներ, որոնք տեղի են ունենալու մայրաքաղաք Երևանում և մարզերում:
     ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի խոսքով գեղարվեստական կրթության ոլորտը նախարարության ծրագրային գերակայություններից է, բայց ոլորտում գրանցված հաջողությունների կողքին քիչ չեն նաև խնդիրները:
   «Կարևորագույն խնդիրներից են մարզային երաժշտական, արվեստի դպրոցների նյութատեխնիկական բազայի ապահովումը, ուսուցիչների վերապատրաստումը, վերաորակավորումն ու վարպետության բարձրացումը: Տարբերությունը մարզերի և Երևանի միջև զգացվում է, բայց մարզերում էլ ունենք լավ դպրոցներ, որոնք ոչնչով չեն զիջում երևանյան  դպրոցներին:
     Ամեն մարզում ունենք հենակետային դպրոցների ցանց, որոնք կանոնակարգում են գիտամեթոդական աշխատանքները, վերապատրաստումները: Առաջընթաց կա այս ուղղություններում, բայց դեռ շատ աշխատանք ունենք անելու»,- նշեց Արթուր Պողոսյանը:
       «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագիրը կշարունակվի մինչև մայիսի 31-ը:
       Լուսանկարները տե՛ս այստեղ:
                                                                                                                Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3016

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: