ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳՆ ՈՒ ՊԱՐԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ

      «Ազգային երգ ու պար» դպրոցական առարկան վերջին շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել: Այսօր մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի հետ ճեպազրույցի ժամանակ Cultural.am-ը փորձեց ճշտել նախարարության տեսակետն այս հարցի շուրջ:
      «Չի կարելի մտածել, որ ամեն ինչ պետք է դոգմատիկ ճիշտ ընթանա. չէ՞ որ սա պիլոտային ծրագիր է: Ծրագրի ներդրման պիլոտային լինելու գաղափարախոսությունն այն է, որ ԿԳՆ-ն հասկանա՝ ինչպիսի՞ն է արդյունքը, ի՞նչ ձևով ու մեթոդներով է պետք դասավանդել: Ներդրման մեխանիզմների և ձևաչափերի մասով որոշումները կայացնում է կրթության և գիտության նախարարությունը (շատ հարցերում եղել են նաև մեզ հետ քննարկումներ)»:
       Ա. Պողոսյանի կարծիքով. «Ծրագրի նպատակը ոչ թե երեխային լավ պարել սովորեցնելն է, այլ պարի միջոցով նրան կրթելը. երեխան պետք է իմանա, թե որն է քոչարին, ռազմապարը, յարխուշտան և այլն:
     Համաձայն եմ, որ պետք է ավելի լավ մասնագետների ներուժ օգտագործվի. փորձեն ներգրավել մանկավարժական համալսարանի ուսանողներին, բայց այդ ամենի հիմքում ֆինանսական խնդիրներն են: ԿԳՆ-ն չի՞ ցանկանա, որ լավ մասնագետ դասավանդի և ոչ թե, օրինակ, ֆիզկուլտուրայի ուսուցիչը: Շտկելու բաներ կան, պետք է քննարկել»:
     «Ազգային երգ ու պար» առարկան ներդրվել է ընթացիկ ուսումնական տարվա սկզբին հանրապետության 13 դպրոցներում: Առարկայի ուսուցումը նախատեսված է միջին  դպրոցում՝ 5-7-րդ դասարաններում:
       Օրեր առաջ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է,  որ գալիք սեպտեմբերից ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կավելանա:
    «Ծրագրի փորձարկումը և բովանդակային բոլոր առաջարկությունները քննարկվում են միջգերատեսչական աշխատանքային խմբում, որոնք հաշվի կառնվեն դասավանդման ծրագրի լրամշակման ընթացքում: «Ազգային երգ ու պար» առարկան ուսուցանվում է շաբաթական երկու դասաժամով (հատկացվել է ֆիզկուլտուրայի մեկ դասաժամը, իսկ երկրորդ դասաժամը՝ դպրոցական բաղադրիչի հաշվին), իսկ կադրերի հարցը նախնական փուլում լուծվում է վերապատրաստումների միջոցով, սակայն հետագայում խնդիրը լուծում կստանա բուհերում համապատասխան ծրագրի ներդրմամբ»,- նշել է նախարարը:
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 4080

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: