ԱՄԱՌ՝ ԸՆԹԵՐՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    Այս տարի նույնպես ամառը դպրոցահասակների համար կանցնի ընթերցանությամբ: Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կմեկնարկի «Ամառային ընթերցանություն» ծրագիրը:
    Ծրագիրն առաջին անգամ իրականացվել է նախորդ տարի՝ «Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ: «Ամառային ընթեցանություն-2014»-ին մասնակցել են 100-ից ավելի դպրոցականներ, որոնցից 52-ը ճանաչվել են ակտիվ ընթերցողներ, իսկ 21-ը՝ լավագույններ:
amarayin yntercanutyun zangak    «Զանգակ» հրատարակչության ծրագրերի ղեկավար Լեյլա Առաքելյանը Cultural.am–ի հետ զրույցում պատմեց, որ լավագույն ընթերցողների դպրոցներում անց են կացվել միջոցառումներ. «Բացի միջոցառումներից 6 ամիս ժամանակով լավագույն ընթերցողների դպրոցներին ենք տրամադրել «Ամառային ընթերցանության» տնակ-գրապահարանն իր բոլոր գրքերով, որպեսզի դպրոցի մյուս աշակերտներն էլ ձգտեն լինել լավագույն ընթերցող և գիրք կարդան»:
    Լավագույններն ընտրվել են ըստ հավաքած միավորների, որոնք մասնակից-ընթերցողները կուտակել են ընթերցած գրքերի, ծրագրի պաշտոնական էջում թողած կարծիքների ու մեկնաբանությունների, ինչպես նաև ծրագրի ընթացքում կազմակերպված գրական միջոցառումներին մասնակցելու արդյունքում:
 zangak yntercanutyan mrcuyt   Երևան, Վանաձոր և Հրազդան. լավագույն 21 ընթերցողներն անցյալ տարի հենց այս քաղաքներից էին: Անցյալ տարվա մասնակիցները այս տարի ծրագրին միանալու դեպքում կստանան յուրահատուկ նվեր՝ «Ընթերցողի օրագիր - 2015» գրքույկը: Դրա համար պետք է «Ամառային ընթերցանություն - 2014»-ի ընթերցողական քարտը հանձնել ծրագրում ընդգրկված որևէ գրախանութի:
    Ծրագրի մասնակցության կարգը չի փոխվել: Պետք է ծրագրում ընդգրկված որևէ գրախանութից ձեռք բերել տնակ-գրապահարանի գրքերից մեկը, ստանալ ընթերցողական քարտ, որով էլ հնարավոր է փոխանակման միջոցով ընթերցել գրապահարանի մյուս գրքերը նույնպես:
zangak    «Ամառային ընթերցանություն» ծրագրում ներառված գրքերը «Զանգակ» հրատարակչության վերջին շրջանի հրատարակություններն են: Թարգմանություններն արված են բնագրից: Այս տարի նախորդ տարվա 19 գրքերի փոխարեն ընթերցողները հնարավորություն կունենան ընթերցել 25 գիրք: «Ամառային ընթերցանություն - 2015»-ի շրջանակներում տեղի կունենան նոր տպագրված գրքերի շնորհանդեսներ, ինչպես նաև գրական հանդիպում-քննարկումներ, թատերական միջոցառումներ: Ծրագիրն անցկացվում է ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում և Արցախում: Այս տարի ծրագրին միացել են նաև Ճամբարակի և Իջևանի գրախանութները: Ծրագիրը կշարունակվի մինչև օգոստոսի 31-ը:
Նյութը՝ Աննա Կարապետյանի
Լուսանկարները՝ «Զանգակ» հրատարակչության
  • Created on .
  • Hits: 3302

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: