ԲՈՒԿԻՆԻՍՏ ԳՐԱԽԱՆՈՒԹԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է

     Մայիսի 27-ին Մոսկվայի տանը կայացավ «Ճանապարհ դեպի ինքդ քեզ» հանդիպումների շարքի հերթական երեկոն: Հյուրը Խաչիկ Վարդանյանն էր՝ Գիրք տարածողների ազգային ասոցիացիայի նախագահն ու «Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրենը, ով երեկոյի ընթացքում պատմեց իր անցած ճանապարհի և Հայաստանի ամենատարեց գրախանութի՝ 80-ամյա Բուկինիստի ստեղծման պատմության մասին:
    «Ես միշտ իմ գործը համեմատել եմ բարակ մոմի հետ, որը վառում եմ և հետևում, որ այն չհանգչի, լույս տա: Ես վստահ եմ, որ գիրքը նույնպես լույս է և գիտելիքի հիմնական աղբյուրներից մեկը»:
     Նա պատմեց, թե ինչպես Խորհրդային միության տարիներին Մոսկվայի Գրքի միությունից տարեկան հաշվետվություն ստացավ, որի համաձայն` հայկական օգտագործված գրականությունը, այլ կերպ` հայկական բուկինիստական գրականությունը Խորհրդային միությունում զբաղեցնում էր վերջին տեղը:
       «Դա իսկական ողբերգություն էր մեզ համար: Պետք էր մի բան մտածել»:
   Խաչիկ Վարդանյանին առաջարկեցին ստանձնել այդ դժվարին գործը: Չնայած շատ դժվարություններին՝ նա որոշեց չհանձնվել: Հերթական հաշվետվության արդյունքների համաձայն՝ հայկական բուկինիստական գրականությունը նախկին ԽՍՀՄ-ում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը:
      «Ղարաբաղյան շարժում, Սպիտակի երկրաշարժ, մութ ու ցուրտ տարիներ… շատ դժվար էր գոյատևել նման պայմաններում, երբ գիրքը ոչ մեկին պետք չէր: Ես կանգնեցի մի բարդ երկընտրանքի առջև` փոխել աշխատանքը, թե՞ մնալ գրքերի հետ: Այստեղ ինձ օգնության հասավ իմ սկզբունքներից մեկը` յուրաքանչյուրն իր գործով պետք է զբաղվի: Ես հավատարիմ մնացի ինքս ինձ. մնացի գրքի հետ»: Խ. Վարդանյանի բնորոշումով. «Գիրքը բիզնես չէ, այն հիվանդություն է: Եթե մեկ անգամ հիվանդացար, այլևս երբեք չես կարող բուժվել»:
    Նրան, թեպետ, շատ մեծ դժվարությամբ, բայց հաջողվեց պահպանել գրախանութը և տարիների ընթացքում այն դարձնել Երևան քաղաքի այցեքարտերից մեկը: Ժամանակի ընթացքում գրախանութում ձևավորվեց հմուտ աշխատողների խումբ, որոնք լավագույնս գիտեն իրենց գործի բնույթը, պահանջները:
   Խաչիկ Վարդյանը նշեց, որ հաճախ է արտերկրում մասնակցում գրքի միջազգային ցուցահանդեսների և այդայցելությունների ժամանակ իր առաջին գործը գրախանութներ այցելելն ու նրանց գործունեությունը ուսումնասիրելն է: Այդ ուսումնասիրությունները  ևս մեկ անգամ ապացուցում են, որ հայաստանյան գրաշուկան գրեթե ոչնչով չի զիջում:
 «Վերջին երեք տարիների ընթացքում Բուկինիստը սկսեց զբաղվել  նաև գրահրատարակչությամբ: Այս ընթացքում հրատարակվել է ավելի քան 40 գիրք»:
                                                                                                                                                 Անի Հակոբյան
  • Created on .
  • Hits: 3195

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: