ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆԸ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՒՆ»

    Հունիսի 3-ին Փարիզում կայացավ Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության այցելությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան: Պատվիրակության կազմում էին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը:
Irina Bokova    ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում պատվիրակությանը ողջունեց կազմակերպության գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ով նշեց Հայաստանի ակտիվ մասնակցությունը կազմակերպության ծրագրերին:
    Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն ու գործունեությունը և անդրադարձավ գործունեության 70 տարիների ընթացքում կազմակերպության հիմնական ձեռքբերումներին մշակութային ժառանգության պահպանման և կրթական ծրագրերի իրականացման ոլորտներում: 
     Նա նշեց, որ միջազգային լարվածության, հակամարտությունների սրացման պայմաններում կազմակերպության գործունեությունն առանձնահատուկ դերակատարում է ստանձնում, հատկապես` չճանանչված պետություններում և հակամարտությունների գոտիներում մշակութային ժառանգության պահպանման և կրթական ծրագրերին աջակցության առումով: Vigen Sargsyan«ՄԱԿ-ի համակարգի մասնագիտացված կառույցների հիմնական առավելությունը դրանց ապաքաղաքական, մասնագիտացված գործունեությունն է: Չափազանց կարևոր է պահպանել այդ ապաքաղաքական մոտեցումը և առկա խնդիրների լուծումներ փնտրել մասնագիտական փորձագիտական դաշտում»,-նշեց Վիգեն Սարգսյանը:
   Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ իրականացված ծրագրերի համար, հակիրճ անդրադարձավ համագործակցությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաների շրջանակներում, կարևորեց ազգային զեկույցների նախապատրաստման ընթացքում ակտիվ փոխգործակցությունը կազմակերպության փորձագետների և քաղաքացիական հասարակության կառույցների հետ: 2013-2014 թթ. Հայաստանը նախատեսված հինգ ազգային զեկույցից ներկայացրել է չորսը` միջազգային իրավական պարտավորություններով: 
    Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շեշտադրեց չճանանչված պետություններում կրթության իրավունքի լիարժեք ապահովման անհրաժեշտությունը` հղում կատարելով Բոլոնյան գործընթացի երևանյան նախարարական համաժողովի կողմից ընդունված Երևանյան հռչակագրին: 
      Նույն օրը՝ երեկոյան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի լիագումար նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Երիտասարդությունը հանուն խաղաղության» համերգաշարի ամփոփիչ համերգը: Համերգաշարն անցկացվել է Հայաստանի Հանրապետության կողմից` ի նշանավորում ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի: 
syoa3    Համերգային ծրագրում ընդգրկված էին բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (Կոմիտաս, Արամ Խաչատուրյան, Տիգրան Մանսուրյան, Ալեքսանդր Հարությունյան և այլք): Համերգի ընթացքում հայ կատարողական արվեստը ներկայացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, թառահար Միքայել Ոսկանյանը, Կատուներ» ջազ-բենդը Վահագն Հայրապետյանի գլխավորությամբ, Ինգա և Անուշ Արշակյանները, դուդուկահարներ՝ Գևորգ Դաբաղյանը, Կամո Սեյրանյանը, պատանի քանոնահար Նարեկ Կազազյանը, դուդուկահար Թաթուլ Համբարձումյանը և այլք: 
    ՅՈՒՆԵՍԿՕ-ի դահլիճում էին այդ կազմակերպությունում և Ֆրանսիայում հավատարմագրված բազմաթիվ երկրների դիվանագետներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի աշխատակիցներ, Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների պատգամավորներ, ֆրանսիացի և սփյուռքահայ մտավորականներ: 
      Համերգի մեկնարկից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:



  • Created on .
  • Hits: 2788

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: