«ՖՐԵՍԿՈՅԻ» ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

     Երևանում մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը, որի նպատակն է խաղարկային և վավերագրական, կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերի միջոցով տարածել համամարդկային արժեքներ՝ խաղաղություն հանդուրժողականություն, մարդասիրություն և այլն:
   Կինոդիտում-քննարկումներն անց են կացվում բացօթյա, մուտքն այստեղ ազատ է: Մասնակիցների հետ միասին ֆիլմերը դիտում են նաև Հայաստան ժամանած հատուկ հյուրերը, որոնք հաճախ կազմակերպում են նաև վարպետության դասեր, հանրային քննարկումներ:
    Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես փառատոնի մեկնարկը տրվեց Կարապի լճի տարածքում: Բացման արարողության ժամանակ ելույթ ունեցան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի երգչախումբը, «Ունիսոն» ՀԿ-ի «Փարոս» կամերային երգչախումբը, «Որդան կարմիր» ռոք խումբը և այլք:
      787«Ֆրեսկոյի» ծրագրերի ղեկավար Աննա Կարապետյանն ասում է, որ եթե նախորդ տարի իրենք էին ֆիլմեր փնտրում, այս տարի ֆիլմերն են եկել դեպի փառատոն: Անցյալ տարի ստացվել էր փառատոնին մասնակցելու 300 հայտ, այս տարի՝ 600 հայտ, որից մասնագիտական հանձնաժողովն ընտրել է 53-ը :
    Փառատոնի հոգևոր խորհրդատու տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փառատոնի նպատակն է տեսնել, թե ինչպես է այսօրվա մարդն ընկալում հոգևոր աշխարհը, ինչպիսի արժեքներով է ապրում և ինչպիսի երկխոսություն է ծավալում մարդը մարդու հետ անկախ դավանանքից, հավատքից ու կրոնական զգացումներից և Աստծո հետ հարաբերության մեջ ինչպես է իրեն գտնում:
    «Երբեմն մակերեսայնորեն մենք հավատում ենք, որ հոգևոր ընկալումները, զգացումները այդքան էլ կարևոր չեն 21-րդ դարի մարդու համար, բայց այս փառատոնը հակառակն ապացուցելուն է միտված, որ հոգևոր կյանքը, հոգևոր գիտակցությունը, բարոյական բարձր արժեքներին հետևելը որևէ ժամանակահատված և տարածություն չի ճանաչում. այն լցնում է բոլոր ժամանակներն ու տարածությունները»,- ասաց նա:
    Փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 5-ը: Երևանյան ցուցադրությունները տեղի կունենան Կարապի լճի տարածքում, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:
    «Ֆրեսկոյի» շրջանակներում հուլիսի 2-4-ը Շիրակի մարզում՝ Հառիճավանքի տարածքում, կկազմակերպվի վրանային կինոճամբար: Այստեղ կկազմակերպվեն ոչ միայն ֆիլմերի դիտումներ, այլև կլինեն վարպետության դասեր, երգ ու պար: Նախորդ տարի նմանատիպ կինոճամբար կազմակերպվել էր Ախթալայի եկեղեցում:
    «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը կազմակերպում են «Ֆորմիկա Արտ» ընկերությունը և «Ծիածան» ՀԿ-ն: Փառատոնն անց է կացվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ:
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2547

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: