ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԴԱՎԱՌԻ ՆԱԽՕՐԵԻՆ

  Նախկինում Վարդավառը այլ կերպ են նշել։ Երիտասարդներով հավաքվել են, երգել ու պարել, տոնական խաղեր խաղացել, խնձոր խորովել, աղավնիներ թռցրել։ Այս ամենը մեկ օրով վերադարձել էր մեր իրականություն։
      Երևանի Սուրբ Աննա եկեղեցու տարածքում իսկական տոնախմբություն էր։ Արարտյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությանը և «Ոստան» ազգագրական երգի և պարի համույթին էին միացել նաև Աբովյանի եկեղեցուն կից պարի խումբը, «Խրիմյան Հայրիկ» պարի խումբը, Ջրվեժի եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաներն ու Արարատյան հայրապետական թեմի (ԱՀԹ) երիտասարդաց միությունը, այնպես էլ բազմաթիվ երիտասարդներ։ Հանդիսատեսն էլ խմբերի հետ միասին պարեց, երգեց և ուրախացավ։ Տոնախմբության ավարտին իրար վրա վարդաջուր ցողեցին, որտեղից էլ առաջացել է տոնի Վարդավառ անվանումը։
   Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միթյունը և «Ոստան» ազգագրական երգի և պարի համույթն առաջին անգամ չեն նման տոն կազմակերպում։ Այս տարի «Ոստանը» տոնել է նաև Բարեկենդանի և Համբարձման տոները։ Համույթի անդամ Նարինե Կիրակոսյանը տեղեկացրեց, որ այժմ էլ պատրաստվում են աշնանը կայանալիք գինու տոնին։
     Մարիամ Չոբանյանը Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» երգչախմբից է։ Եկեղեցուց դեպի Կասկադ երթն ու Բարեկենդանի տոնը ժպիտով է հիշում։ Վարդավառի տոնակատարությանը մասնակցում է որպես ակտիվ երիտասարդ։
     «Վարդավառը երբեք այսպես չեմ նշել, ուղղակի իրար ջրել ենք ու վերջ։ Այս անգամ նշեցինք այնպես, ինչպես հնում։ Այնքան ուրախ եմ, որ կարողանում ենք մեր ավանդույթները որոշ չափով ետ բերել»,-ասում է Մարիամը։
      Իսկ «Ոստան» համույթի պարող, պատմաբան Ակսել Բաղումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հետաքրքրվել է նաև ծիսակարգի պատմությամբ, բայց շատ բաներ միջոցառմանը պատրաստվելիս է իմացել։ Ակսելը կարևորում է ազգային տոները ըստ ավանդույթի նշելը․«Նախևառաջ ազգային ոգին է արթնանում, նաև հայապահպանության կարևոր քայլ է։ Պետք է նման միջոցառումներն ավելի շատ լինեն։ Երբ ազգային ոգին բարձր են պահում, հայը իր հենքի, իր արմատների վրա է մնում»։
Լուսանկարները տե՛ս այստեղ:
                                                                                       Նյութը՝ Աննա Կարապետյանի
                                                                                       Լուսանկարները՝ Արթուր Գևորգյանի                                                                                      
 
  • Created on .
  • Hits: 2941

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: