«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» 12–ՐԴԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

    Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Ոսկե Ծիրան» 12–րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։ Բացման ֆիլմը ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան) «Խենթ պատմություն» դրաման էր, որն առաջին անգամ ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնում։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել այս տարի Կաննի կինոփառատոնի արտամրցույթային ծրագրում։ Դրաման անդրադարձ է Հայոց ցեղասպանության թեմային։ Սյուժեն սկսվում է Թալեաթ փաշայի սպանությամբ ու Սողոմոն Թեհլերյանի դատավարությամբ, այնուհետև անցում կատարում ցեղասպանությունը վերապրածների սերունդներին։ Ռեժիսորը ներկայացնում է 70-ականների Միլանը. ընտանիք, որն արդեն երկար տարիներ է, ինչ ապրում է «Արարատ» մթերային խանութից ստացվող եկամուտով։  Արսինե տատը ապրում է աղջկա, նրա ամուսնու ու երկու թոռների հետ։ Շատ է սիրում աղջիկ թոռանը նստեցնել գիրկն ու երգել՝ «Մի մոռնար ազգդ, մի մոռնար հայ ես»։ Միլանում հայերի միակ հավաքատեղին եկեղեցին է, որի տարածքում կառուցել են նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշաքար։
     «Լռությունը ծանրացել է»,-ասում է Արսինեի թոռը՝ Արամը, սովորական ուսանող, ով հետո պիտի դառնար այսպես ասած մաքուր ֆրանսիացի՝ Ժակ Մերսյե, կազմակերպեր Թուրքիայի դեսպանի սպանությունը, գնար Բեյրութ ու նվիրվեր Հայ Դատի պայքարին։
    «Ասում են՝ պատմությունը գրում են հաղթողները, իսկ հաղթվածներին մնում է միայն հիշողությունը։ Պետք է ասել, որ այս հիշողությունն արդեն պատմություն է, քանի որ ապրում է, կենդանի է։ Հուսով եմ՝ ֆիլմը կօգնի, որ Հայոց ցեղասպանության պատմությունը մտնի պատմության մեջ և ընդունվի։ Կարծում եմ՝ կարելի է այնպես կերտել պատմությունը, որ այն չպատկանի միայն հաղթողներին»,-նշեց Ռոբեր Գեդիգյանը։
      Այս տարի նույնպես կինոփառատոնն ունի անվանի հյուրեր։ Արդեն Հայաստան են ժամանել դերասանուհիներ Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին։ Փառատոնային օրերի ընթացքում նրանց կմիանան նաև օտարերկրյա այլ կինոգործիչներ։ Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին բացման արարողության ժամանակ կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանի կողմից պարգևատրվեցին «Փարաջանովյան թալեր» մրցանակով։ Խաչատրյանը հույս հայտնեց դերասանուհիներին Հայաստանում տեսնել նաև հետագա փառատոների ժամանակ։
    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հանդիսատեսի ուշադրությունը հրավիրեց դեռևս 1919թ․-ին նկարահանված «Հոգիների աճուրդ» կամ «Հոշոտված Հայաստան» ֆիլմի վրա, որը նկարահանվել է տասնչորսամյա Արշալույս Մարտիկյանի (Ավրորա Մարդիգանյան) վկայությունների հիման վրա։ Դերակատարը նույնպես Արշալույսն է։ «Հոգիների աճուրդից» պահպանվել է միայն մոտ քսան րոպեանոց տեսաշար, որի մի փոքր հատվածը ներկայացվեց «Ոսկե Ծիրանի» բացմանը։ Տեսաշարի ցուցադրությունը զուգակցվեց «Հովեր» երգչախմբի ելույթով։
   «Հովերի» ելույթից և պարային ներկայացումից հետո հանդիսատեսին ողջունեցին կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ինչից հետո ավանդույթի համաձայն Հ. Խաչատրյանն ու Ռ. Յիրիկյանը փառատոնը հայտարարեցին բացված։

Լուսանկարները տե՛ս այստեղ:
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2919

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: