«ՄԵԾ ՄՈՐՍ ԴԱՋՎԱԾՔՆԵՐԸ»․ԽՈՍՔ ԱՆԽՈՍԵԼԻԻ ՄԱՍԻՆ

    Սյուզանը տասնվեցամյա աղջնակ էր, երբ ուսուցչուհուց իմացավ Հայոց ցեղասպանության մասին։ Տանն այդ թեմայով չէին խոսում։ Ինչպես ինքն է պատմում, ապրում էր երջանիկ անտեղյակության մեջ։ Տարիներ անց Սյուզան Խարդալյանը պետք է հետաքրքրվեր այդ թեմայով, Ժնևում գտներ արխիվային լուսանկարներ ու որոշեր պարզել իր անձնական պատմությունը՝ իր տատի պատմությունը, նկարահաներ «Մեծ մորս դաջվածքները» (Grandma’s Tattoos) ֆիլմը։
      Տատիկից շատ հիշողություններ չունի, տպավորվել է միայն այն, որ չէր գրկում, չէր ժպտում։
    Ամբողջ ֆիլմի ընթացքում հեղինակը պատմում է իր պատմությունը, մենք էլ ենք տեսնում տատի շնչահեղձ անող ներկայությունը, անխոսելիի մասն խոսելու անհագ ցանկությունը և միայն հարցեր ու պատմության բեկորներ, ուրիշ ոչինչ։ Տեսնում ենք Սյուզանին, նրա քույրերին, մորը, մորաքրոջն ու հորաքրոջը, որոնք կցկտուր բաներ են պատմում տատի մասին, տեսնում ենք Սյուզանի բացահայտումներով լի ճանապարհը Բեյրութից Անճար, Դեր Ձոր, որտեղ միակ շնչող բանը լռությունն էր։ Անձնական պատմությունը բացահայտելուց հետո հեղինակը գալիս է Երևան, գտնում 105-ամյա Մարիա Վարդանյանին՝ նրան ևս դարձնելով ֆիլմի մի մասնիկ: Ֆիլմ, որն առաջինն է անդրադառնում Հայոց ցեղասպանության տարիներին բռնությունների ենթարկված կանանց հոգեբանական խնդիրներին։
    «Մեծ մորս դաջվածքները» վավերագրական ֆիլմն այսօր ցուցադրվեց Arev Art Gallery-ում։ Ներկա էր նաև ֆիլմի հեղինակը՝ ռեժիսոր Սյուզան Խարդալյանը, ով  արմատներով Կիլիկիայից է և բնակվում է Շվեդիայում։ Նրա խոսքով ֆիլմը անձնական պատմություն է, որը խոսում է մարդկանց սրտերի հետ, դառնում նաև նրանցը․«Շատ հայ կանայք են դաջվածքներ ունեցել, բայց մեր հասարակությունը փորձել է հիշողությունից ջնջել այդ պատմությունները, ինչպես որ տատիկիս պատմությունն է ջնջված մեր ընտանիքի պատմությունից։ Նույնը արել են շատ ընտանիքներ, որովհետև դաջվածքները կապվում են  ամոթի, հանցագործ լինելու զգացողության հետ՝ չնայած որ նրանք հանցագործ չէին»։
    Ֆիլմը նկարահանվել է երեք տարի առաջ և արդեն հասցրել է ցուցադրվել բազմաթիվ երկրներում՝ մինչև անգամ Կորեայում, Ճապոնիայում և Հնդկաստանում։
    «Մեծ մորս դաջվածքները» (Grandma’s Tattoos) վավերագրական ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել էր Երիտասարդ պատմագետների ասոցիացիան։
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3417

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: