ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՆՄՈՒՇՆԵՐԸ
Պատմում է թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը։
Թանգարանի ամենահին իրերը
Պահպանվել են քարե աշխատանքային գործիքներ, բրոնզե դաշույններ և զարդեր, Ուրարտուի արքա Ռուսա Առաջինի սեպագիր արձանագրությունը, խոյի պատկերով քարե սափորը և այլն։
Մ․թ․ա․4-3-րդ հազարամյակի իրերն են գտնվել մեր տարածաշրջանից։ Առաջին գործիքները քարից, ոսկորից, վանակատից էին։ Պահպանվել են նաև չարը խափանող քարե հուլունքներ։
Սեպագիր արձանագրությունը՝ քաղաքի անձնագիր
Մեր քաղաքի անձնագիրը երկկողմանի սեպագիր արձանագրությամբ քարն է։ Այն գտնվել է մեր գերեզմանոցի բարձունքի Սուրբ Ստեփանոս մատուռի դիմացից հայր և որդի Ավդալբեկյանների կողմից։ Վերծանելով այս արձանագրությունը՝ պարզվել է, որ մեր քաղաքը գոյություն ունի ուրարտական ժամանակներից։
Մ․թ․ա․ 8-րդ դարում գրված սեպագիր արձանագրությունը թողել է Ռուսա Առաջինը։ Խալդի ամրոցի կառուցման մասին արձանագրության մեջ մասնավորապես ասվում է․«Վելիկուխի երկրի թագավորին ես հաղթեցի, իմ ստրուկը ես նրան դարձրի, երկրից ես նրան հեռացրի, իմ փոխարքա այնտեղ ես դրեցի Խալդի աստծո դուռն ու վեհապանծ ամրոց ես կառուցեցի, անունը դրեցի «Խալդի աստծո քաղաք»։ Ես այն կառուցեցի Բիայնիլի երկրի հզորության համար»։
Վիշապագորգեր
Վիշապագորգերը բրոնզեդարյա քարե կոթողների են նման։ Վառ ապացույց են Գեղամա լեռներում հայտնաբերված 23 վիշապձուկ քարե կոթողները։ Հիմա էլ Կարմիր գյուղում ունենք գորգագործական արտադրամաս։ Գորգագործությամբ են զբաղվում նաև Գավառի մանկատան սաները։ Նրանցից շատերը աշխատանքի են անցել «Մեգերյան կարպետ» ընկերությունում։
Ապակյա սրվակներ
Ծիսական իրեր են հեթանոսական ժամանակներից մնացած ապակյա սրվակները։ Երբ հարազատ մարդ է մահացել, կենդանի հարազատը արտասուքով է լցրել սրվակն ու դրել մահացածի կողքին, որ իր նկատմամբ բարյացակամ գտնվի։ Մինչև այստեղ աշխատանքի անցնելս, նման սրվակների մասին լսել էի ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի ժամանակ։ Երբ եկա այստեղ և տեսա, հասկացա, որ հենց այդ սրվակներն են սրանք։
«Գեղարքունիքի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է Գավառ քաղաքում և գործում է 1952 թվականից: Թանգարանում պահպանվում են մոտ 10.000 թանգարանային և պատմամաշակութային արժեքներ, որոնք ներկայացնում են Գեղարքունիքի մարզի պատմությունը հին քարե դարից մինչև մեր օրերը: Այստեղ գործում են 6 սրահներ, որտեղ տարածքի փոքրության պատճառով ցուցադրվում է նմուշներից ընդամենը 2000-ը: Մնացած ցուցանմուշները պահպանվում են թանգարանի պահուստային ֆոնդերում:
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3749