ԿԱՐԱՏԵԻՑ ԳԵՂԱՐՎԵՍՏ
Էդիկ Ճուղուրյանը Աբովյանի գեղարվեստի դպրոցի սան է։ Նրան հանդիպեցինք «Մշակութային վերածնունդ» փառատոնի ժամանակ։ Բոլորը շրջում էին տաղավարով, նայում քանդակները, նկարներն ու փորագրությունները, իսկ նա զբաղված էր իր գործով՝ կավով քանդակ էր պատրաստում։
Տասներեքամյա Էդիկը սովորում է Աբովյանի թիվ 5 դպրոցում։ Հաճախել է կարատեի, բայց կարճ ժամանակ անց դուրս է եկել։ Գեղարվեստի դպրոցում է արդեն 4 տարի։
Գեղարվեստի դպրոցն ունի 150 սան։ Այստեղ նրանք ծանոթանում են ոչ միայն արվեստի տարբեր ճյուղերի, այլև ուսումնասիրում են արվեստի զարգացման փուլերը արվեստի պատմության դասընթացի շրջանակներում։
Դպրոցի քանդակի ուսուցիչ Գարեգին Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ուսուցիչները համագործակցում են, օրինակ՝ մինչև գծանկար չուսուցանվի, չեն կարող անցում կատարել ծավալների՝ քանդակի։
«Երեխաներին ծանոթացնում ենք նյութերին, ծավալներին, հետո սովորում են պատրաստել ակադեմիական գործերի դետալներ, օրինակ՝ Միքելանջելոյի «Դավիթի» քիթը, շուրթերը, ականջը»,-նշում է Գարեգին Վարդանյանը։
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3001