ՊԱՏՎԱՎՈՐ ԴԻՐԻԺՈՐ ԶՈՒԲԻՆ ՄԵԹԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

    Այսօր ժամը 20:00-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, որի երաժշտական ղեկավարն է լեգենդար դիրիժոր Զուբին Մեթան։ Համերգը կազմակերպվել է «Երևանյան հեռանկարներ» 16-րդ  միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։ 
    Համերգային ծրագրում ընդգրկված են Ռ․ Շտրաուսի, Ա․ Շյոնբերգի և Պ․Ի․ Չայկովսկու ստեղծագործությունները։ Սակայն նվագախումբը հանդես է գալիս նաև ժամանակակից դասական երաժշտությամբ, ինչը նույնպես արժանանում է իսրայելցի հանդիսատեսի ուշադրությանը։
    «Նվագում ենք ժամանակակից դասական երաժշտություն, իսրայելական ժամանակակից երաժշտություն նույնպես։ Հոկտեմբերին սկսելու ենք վրացի հայտնի կոմպոզիտորներից մեկի ստեղծագործությունները ներկայացնել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զուբին Մեթան։
    211Հայ ժամանակակիցներին դիրիժորը ծանոթ չէ, իսկ դասականներից Արամ Խաչատրյանին է հիշում։ Մեթանի խոսքով հայերը և հրեաները շատ ընդհանուր բաներ ունեն, նույնն է եղել նաև ցավը․ «Մեր ազգերը պիտի փորձեն միասին ծրագրեր իրականացնել և աշխարհին ցույց տալ, որ մենք ուժեղ ենք, մենք կանք, և մեր հոգին շատ հզոր է»։
    Դիրիժորի այցը Հայաստան առանց խոչընդոտների չի եղել։
    «Երեք շաբաթ առաջ ծնկի վիրահատություն եմ տարել և  մեկ ամիս պետք է տանը մնայի ու հրաժարվեի այս շրջագայությունից, բայց չկարողացա, նվագախումբը սիրելով՝ գնացի այս քայլին»,-պատմում է նա։
    Զուբին Մեթան իր մասնագիտությունը բնորոշում է որպես միստիկ․ «Մենք ոչնչի չենք դիպչում, չենք նվագում, պարզապես ղեկավարում ենք և կոորդինացնում ենք գաղափարը, որը արտահայտվում է հարյուրավոր երաժիշտների կատարմամբ։ Օրինակ՝ Մոցարտի «Դոն Ջիովանին» չես հասկանում՝ ինչպես կարող է այդ երիտասարդ մարդը այդպիսի խորը փիլիսոփայական գաղափար արտահայտել․միստիկա է, նույնիսկ ինտելեկտուալ լեզվով դա բացատրել չես կարող»։
    Դիրիժորի բնորոշմամբ Իսրայելում դասական երաժշտությունը գնահատված ու պահանջված է ինչպես ավագ սերնդի, այնպես էլ երիտասարդների կողմից․«Քսանհինգ հազար աբոնեմենտ վաճառվում է ամեն համերգից առաջ։ Յուրաքանչյուր համերգային ծրագիր 5-6  անգամ կրկնում ենք»։
    
    Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին Զուբին Մեթան հազարավոր համերգներով հանդես է եկել  հինգ  աշխարհամասերի լավագույն բեմերում ՝ հանդիսանալով աշխարհի առաջատար այնպիսի նվագախմբերի «պատվավոր դիրիժոր», ինչպիսիք են Նյու Յորքի, Վիեննայի, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբերը։ Զուբին Մեթան արժանացել է բազմաթիվ տիտղոսների եւ մրցանակների․ Երուսաղեմի եբրայական համալսարանի և Վեիզման ինստիտուտի պատվավոր դոկտոր է, Ֆլորենցիայի և Թել Ավիվի պատվավոր քաղաքացի։ 2011թ․-ին նա իր անվամբ աստղ է ստացել Հոլիվուդի հայտնի «Փառքի բուլվար»- ում։ Նվագախումբը լավագույններից է, որը  շուրջ 80 տարի գրավում է աշխարհի առաջատար  մշակութային բեմերը և հյուրընկալվում ամենահեղինակավոր երաժշտական փառատոներում:
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2768

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: