ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ՀԵՏ

    Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Երվանդ Քոչար․ սերունդների երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը։ Գեղանկար, գրաֆիկա, քանդակ, տարածական նկարչություն․.. Ցուցադրությունը ներառում է Քոչարի ստեղծագործական գործունեության երկու՝ փարիզյան և երևանյան շրջափուլերը։ Ներկայացված են ինչպես պատկերասրահի և Քոչարի թանգարանի, այնպես էլ անհատ կոլեկցիոներների հավաքածուներում գտնվող ցուցանմուշներ։
    Տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Քոչարի թոռնուհի Կարինե Քոչարը մեզ հետ զրույցում նշեց, որ թեև Ազգային պատկերասրահն ունի Քոչարի qochar1ստեղծագործությունների հարուստ հավաքածու, բայց երբևէ նման ցուցահանդես չէր կազմակերպվել։ 
   «Ցուցահանդեսը ներկայացնում է Քոչարի կերտած ոգու ասպետներին։ Նա տեղյակ էր, որ ազգի պահպանման միակ գրավականը հոգևոր-մշակութային արմատները չկորցնելն է։ Երբ 1936թ․-ին Փարիզից վերադարձավ, հայտնվեց մի հասարակարգում, ուր ազգային ամեն բան անտեսվում էր, տիրում էր վախի, կեղծիքի ու ատելության մթնոլորտ։ Քոչարի առաքելությունն էր նման հասարակարգում առավելագույնս  նպաստել ազգային ոգու, հիշողության պահպանմանը, ազգի վերածննդին»,- պատմում է Կարինե Քոչարը։
    Հայկական էպոսի նկարազարդումներից մինչև «Հարություն» ու «Երևան-Էրեբունի»: Հայ ժողովրդի անցյալը պատկերող ստեղծագործությունները և դրանցում առկա «ոգու ասպետները» կարծես շարունակում են իրենց առաքելությունը նաև ներկայում։
Qochar cucahandes    Արտերկրում, ցավոք, Քոչարը հավուր պատշաճի դեռ չի ներկայացվել։ Քոչարի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը դրսում ցուցադրվելու միայն մեկ դեպք կարողացավ հիշել․ «2012թ․-ին, երբ նշվում էր հայ գրատպության 500-ամյակը, երկու ստեղծագործություն տարան Ամստերդամ. «Ոսկան Երևանցի» և «Երևան-Էրեբունի» ստեղծագործությունները ցուցադրվեցին այնտեղ տպագրված հայալեզու գրքերի հետ միասին»։

     «Երվանդ Քոչար․սերունդների երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում (հասցե՝ Արամի 1) կգործի մինչև հոկտեմբերի 10-ը։
Աննա Կարապետյան
 
 
 
 
 
  • Created on .
  • Hits: 3652

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: