ՋԱԶԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ

    Սեպտեմբերի 17-ին կմեկնարկի Yerevan Jazz Fest 2015 եռօրյա ջազ փառատոնը։ Yerevan Jazz Fest-ի շրջանակներում ելույթ կունենան այնպիսի անուններ, ինչպիսիք են Նինո Կատամաձեն իր «Insight» խմբով (Վրաստան), Լորեն Ռոբինը (Ֆրանսիա), «Ռիչարդ Բոնա» բենդը (ԱՄՆ)։ Փառատոնին Հայաստանը կներկայացնեն հանրահայտ ջազմեններ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանն ու Կարեն Մամիկոնյանը։
    Կատարումներով հանդես կգան նաև հայազգի երաժիշտներ Աբրահամ Գումրոյանը (ԱՄՆ), Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան), Արթուր Սաթյանը (Լիբանան), Մարիամ և Արմեն Մերաբովները (Ռուսաստան), Էռնա Յուզբաշյանը և Հյուբերտ Թաբսը (Ավստրիա): Բացի ջազ երաժիշտներից Հայաստան են ժամանելու նաև պրոդյուսերներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից և այլ երկրներից։
    Yerevan Jazz Fest-ի բացումը վստահվել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական էստրադային-սիմֆոնիկ նվագախմբին (գեղ. ղեկավար՝ Երվանդ Երզնկյան) և Արցախի ջազ նվագախմբին (գեղ. ղեկավար՝ Տիգրան Լալայան)։ Փառատոնային մյուս օրերի ընթացքում ելույթ կունենա նաև Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Արմեն Հյուսնունց)։
jaz    Նման ջազային տոն Երևանում վաղուց չի կազմակերպվել։ Ջազմեն Վազգեն Ասատրյանը մտաբերում է՝ վերջինը 2006թ․-ին էր։
    «Երբ մենք Երևանում ջազ փառատոներ էինք անում, կա՛մ Լևոն Մալխասյանն էր կազմակերպում, կա՛մ ես և նա միասին։ Ամեն անգամ հենց ջազ փառատոն էր լինում, ասում էին՝ էլի Մալխաս-Վազգեն, Վազգեն-Մալխաս: Պետք էր սահմաններից դուրս գալ, փառատոնը դուրս հանել միջազգային ասպարեզ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Վազգեն Ասատրյանը։
    Լևոն Մալխասյանը, Վազգեն Ասատրյանը, Վահագն Հայրապետյանը և այլ անուններ այժմ մաս են կազմում նորաստեղծ «Ջազի հայկական ասոցիացիայի»։ Ասոցիացիան ստեղծվել է ջազմեններին մի տանիքի տակ հավաքելու և միջազգային շուկա դուրս գալու նպատակով։ Բացի փառատոների կազմակերպումից ասոցիացիայի անդամները մտադիր են նաև աջակցել երիտասարդներին ուսումն արտերկրում շարունակելու հարցում։ Yerevan Jazz Fest-ի բարեհաջող կայացումից հետո կազմակերպիչները մտադիր են Junior Jazz Fest նախաձեռնել երիտասարդների համար։
    Yerevan Jazz Fest 2015-ը  կազմակերպել են «Ջազի հայկական ասոցիացիան» և «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը։ Փառատոնի երեք համերգները տեղի են ունենալու Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սեպտեմբերի 18-ի համերգին ելույթ կունենա միայն ԱՄՆ-ից ժամանած «Ռիչարդ Բոնա» բենդը (Ռիչարդ Բոնա, Էթյեն Ստեդվիկ, Լյուդվիգ Աֆոնսո, Լի Գրինբլատ, Ադամ Սթոլեր):
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2701

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: