«ՉՄԱՐԴԻԿ»․ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴՐԱՄԱ ՉԾՆՎԱԾ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ես երևի խելագարվեի քեզ համար, եթե դու ծնվեիր»։ «Չմարդիկ» ներկայացման գլխավոր հերոսի խոսքերն են։ Հերոսը բժիշկ է, որին անընդհատ զանգում են հղիության արհեստական ընդհատման խնդրանքով։ Բժիշկն ինքը բախվել է խնդրին դեռ մանկուց։ «Մայրս ուզում էր ազատվել ինձնից, բախտս բերեց՝ տղա էի»,- պատմում է հերոսը, որի մանկության խաղալիքները զինվորներն են եղել, ինչպես ինքն է ասում՝ «պստիկ պապաները»։ Իր զինվորին՝ հորը, հերոսը այդպես էլ չի հանդիպել․ նա զոհվել է պատերազմի ժամանակ։
«Չմարդիկ»-ի պրեմիերան տեղի ունեցավ այսօր Դերասանի տանը։ Ներկայացման մեջ կան նաև երկու կին կերպարներ՝ չծնված աղջիկներ և, այսպես ասած, «չստացված տղաներ»։ Ներկայացման ողջ ընթացքում կանանցից մեկը բժշկի հետ է, թվում է՝ նրա կինն է, պարզվում է՝ կարող էր նրա կինը լինել, եթե ծնվեր։ Մյուս հերոսուհին ուզում է «Համլետ» խաղալ, տղայի նման լինել, տղա լինել, քանի որ աղջիկ լինելն «ընդունված» չէ։
Հ. Թեքգյոզյանը բեմադրությունը հաջողված է համարում․ «Ռեժիսորին հաջողվել էր բռնել այն զգացողությունը, որն ունեցել էի պիեսը գրելիս»։
«Չմարդիկում» բժշկի կերպարը մարմնավորել է դերասան Արթուր Կարապետյանը։
«Բժիշկը մասնագետ է, բայց նրա մեջ երկմտանք կա․ որպես բժիշկ պետք է օգնի, որ մարդիկ լույս աշխարհ գան, ոչ թե հակառակը։ Դրա համար է ասում. «Տիկին, սթափվեք, ախր մենք միասին սպանում ենք Ձեր երեխային»։ Իմ բժիշկն ունի այդ կռիվն իր մեջ»,- Cultural.am-ի հետ զրույցում նշեց դերասանը։
Երևանյան պրեմիերայից հետո ներկայացումը կցուցադրվի նաև մարզերում։ Մինչև դեկտեմբեր «Չմարդիկը» տեսնելու հնարավորություն կունենան Գյումրիի, Վանաձորի, Էջմիածնի, Արմավիրի, Արտաշատի, Դիլիջանի և Գավառի թատերասերները։
«Թատրոն 8» թատերախմբի համակարգող Լիլիթ Վերդյանը տեղեկացրեց, որ բացի «Չմարդիկ»-ից, մարզերում կցուցադրվի նաև «Ես կին եմ» ներկայացումը (ռեժիսոր՝ Սուրեն Շահվերդյան)։ Դերասանի տանը ներկայացումը կցուցադրվի նաև դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը։
«Չմարդիկը» ներկայացրել էր «Թատրոն 8» թատերախումբը։ Դերերում էին Արթուր Կարապետյանը, Մարիանա Եղիազարյանը և Ժաննա Հովակիմյանը։ Պարերը բեմադրել էր Լուսինե Դավթյանը, իսկ ներկայացումը՝ Կարո Բալյանը։ «Չմարդիկը» իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3971