«ԱՐՄԵՆԻԱԴԱ»․ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՉՔԵՐՈՎ

    Արդեն 20 տարի է, ինչ Մոսկվայում գործում է Փարաջանովի անվան թատրոն, որն այժմ հյուրախաղերով Հայաստանում է։ Վերջին անգամ Հայաստան էին եկել 2009թ․-ին։ Այս անգամ թատերախումբը հանդես կգա երկու ներկայացմամբ՝ «Արմենիադա» և «Կյանքը չես խաղա կրկին»։
    «Արմենիադան» նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ Փարաջանովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Գաբբեի կարծիքով թեման ազգային չէ, այլ համամարդկային․«Արմենիադան» մոլորակ է, ներկայացում մարդու արքետիպի, ենթագիտակցության, ներքին հոգևոր փիլիսոփայության, իր ժամանակի և առհասարակ ժամանակի հետ հարաբերության մասին»։
    Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա ապրիլին Մոսկվայի միջազգային երաժշտության տան Սվետլանովյան դահլիճում։
   «Պրեմիերային ներկա էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ գերմանացիներ, անգլիացիներ, չինացիներ։ Նույնիսկ այն հատվածներում, որտեղ հնչում էր հայերեն տեքստ ոչ մեկի մոտ հարց չէր առաջանում, թե ինչ է կատարվում բեմի վրա։ «Արմենիադան» վեր է ազգայինից, այն Հայաստանի մասին է, բայց հասու է նաև մարդկանց, ովքեր հայերի մասին երբևէ չեն լսել։ Կարևոր է հայկական հարցը տեսնել ոչ թե հայի աչքերով, այլ աշխարհի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թատրոնի երաժշտական ղեկավար Մադաթ Ավանեսովը։
    608Նախագծի հեղինակ, բեմադրող ռեժիսոր Վլադիմիր Գաբբեի խոսքով սրտի թրթիռով են սպասում ներկայացման երևանյան պրեմիերային, կարևոր հանդիպում է իրենց համար․ «Փարաջանովյան գեղագիտությունը անծայրածիր է։ Եթե նույնիսկ աշխարհում լինեին բազմաթիվ փարաջանովյան թատրոններ, վերջակետ չէր դրվի։ Ամեն օր կարող ես բացահայտել այն գաղտնիքները, այն առասպելը, որը քեզ տանում է իր հետևից։ Մեր թատրոնի նպատակը Փարաջանովի ֆիլմերը թատրոնի վերածելը, նրա արածի կրկնությունը ցույց տալը չէ։ Մեր գործունեությունը հարգանքի տուրք է մեծ վարպետին, ով աշխարհին հավերժական գեղեցկություն ու էսթետիկա է փոխանցել»։
    Ներկայացումը կինոյի և թատրոնի համադրում է, որում տեղ են գտել նաև պոեզիայի և կիրառական արվեստի տարրեր։ Ստեղծագործական տարածքում Փարաջանովից բացի տեղ են գտել այնպիսի անուններ, ինչպիսիք են Կոմիտասը, Նարեկացին։ «Արմենիադան» երկխոսություն է ժամանակի և հայի հոգու՝ ջանի միջև։ Ներկայացման նախնական սցենարը հենց «Ջան» է կոչվել։
    Ժամանակը մարմնավորել է թատրոնի առաջատար դերասան Լուիզա Գաբբեն։ Նրա խոսքով այստեղ են սեր և ջերմություն փոխանցելու։ Հայ հանդիսատեսը դերասանուհու մոտ տպավորվել է դեռ նախորդ հյուրախաղերից։ Ասում է՝ տարբերվող հանդիսատես է, որին հասցրել է շատ սիրել։
    «Արմենիադայի» երևանյան պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 22–ին՝ ժամը 19:00–ին, Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ Սեպտեմբերի 23–ին էլ հայ հանդիսատեսին կներկայացվի թատրոնի մյուս՝ «Կյանքը չես խաղա կրկին» ներկայացումը։
    Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնի երևանյան հյուրախաղերը հնարավոր են դարձել ՀՀ մշակույթի նախարարության և Beeline-ի աջակցությամբ։ Շարունակելով քսանամյա հոբելյանի հյուրախաղերի շարքը՝ թատերախումբը Հայաստանից կմեկնի Ֆրանսիա։
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2782

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: