ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Ամառային արձակուրդներն ավարտվեցին, «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագիրը՝ նույնպես։ Ծրագրի 22 լավագույն ընթերցողների համար, սակայն, տոնը շարունակվում է։ Նրանք իրենց հետ տուն կտանեն հավաստագիր և «Ընթերցողի օրագիր», ակտիվ ընթերցողների խմբի հետ կդիտեն «Փիթր Փենը»։
Ակամայից տոնի մասնակից են դարձել նաև լավագույն ընթերցողների դասընկերները։ Վեց ամիս շարունակ նրանք հնարավորություն կունենան դպրոցի գրադարանում օգտվել «Ամառային ընթերցանության» գրապահարան-տնակի գրքերից։ Եթե անցյալ տարի դրանք 19-ն էին, այս տարի արդեն՝ 30։
12-ամյա Կարենը ծրագրի մասին իմացել է պապիկից։ Կոտայքի մարզից է, սովորում է Լեռնանիստ գյուղի միջնակարգ դպրոցում։ Հասցրել է կարդալ ծրագրում ընդգրկված բոլոր գրքերը։
«Երեք ամիս ժամանակ ունեի, դրա համար արագ-արագ կարդացի»,-մեզ հետ զրույցում ասաց նա։
Սիրում է կարդալ Թումանյանի, Չարենցի բանաստեղծությունները, իսկ «Ամառային ընթերցանությունից» ամենաշատը «Փիթր Փենն» է հավանել․ «Փիթրը և Վենդին շատ ուրախ ընկերներ են, արկածներ են ունենում, նաև մարտնչում»։
«Մի անգամ գրքերից մեկի թարգմանչուհին հատվածներ էր բերել։ Մենք պետք է գիրքը չկարդացած կարողանայինք հատվածներն իրար միացնել։ Սխալներ էլ կային, բայց վատ չէր ստացվել»,-պատմում է Երանուհին։
«Գրքերից տասներեքը անցած տարի էի կարդացել։ Այս տարի շարունակեցի կարդալ մյուս գրքերը։ Ամենաշատը «Կոնրադն» եմ հավանել։ Շատ ծիծաղելի պատմություն է։ Կոնրադը շատ խելացի էր և դպրոցում սովորում էր գերազանց, բոլորից տարբերվում էր։ Ընկերներից մեկն ասում էր՝ այդքան խելոք մի եղիր, չարաճճիություններ արա»,-պատմում է Արամը։
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 2917