ԴԵՆ ԳԻԼՄՈՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
«Ես նախանձում եմ ձեզ, քանի որ դուք եք կերտելու լրագրության ապագան, հենց դուք եք այդ ապագան»,-այսօր Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց լրագրության ամերիկացի տեսաբան Դեն Գիլմորը։
Նա Հայաստան է եկել «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության (ՀԿ) հրավերով։ Հենց այս ՀԿ-ի նախաձեռնությամբ և ԱՄՆ Պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ էլ հայերեն է թարգմանվել Գիլմորի՝ դեռևս 2010 թվականին անգլերենով լույս տեսած «Մեդիակտիվ» գիրքը։
««Մեդիակտիվը» նպատակ ունի ձևավորել քննադատական մտածողություն ունեցող անհատներ, մարդիկ, ովքեր պատրաստ են մարտահրավեր նետել իրենց մատուցվող տեղեկատվությանը կամ կարծիքներին, չլինել դրանց պարզ ընդունողը»,- ասաց Գիլմորը։
Հանդիպման ժամանակ տեսաբանը խոսեց լրագրության նոր միտումների, մեդիագրագիտության, բիզնես մոտեցումների, տեղեկատվական տեխնոլոգիաների դերի բարձրացման և մի շարք այլ հարցերի մասին։
Լրագրության տեսաբանը խորհուրդ է տալիս հաճախ մասնակցել գիտահետազոտական աշխատանքների․ «Երբեք չեն եղել այս քանակի հասանելի տվյալներ, որքան այսօր։ Լրագրողները անպայման պետք է օգտվեն այդ տվյալների բազաներից»։
Գիլմորը հատկապես կարևորեց ուսանողների մեդիագրագիտության մակարդակը։
«Լավ կլիներ, եթե համալսարանի յուրաքանչյուր ուսանողի ուսումնառության մեջ ընդգրկվեր մեդիագրագիտության դասընթաց։ Իսկ լրագրողները պետք է լինեն առաջնորդներ մեդիագրագիտության ոլորտում»,- ասաց նա։
Դեն Գիլմորը հանդիպումներ է ունենալու նաև «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ, ինչպես նաև մասնակցելու է Գյումրիում կայանալիք «Բարքեմփին»։
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3076