«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ՝ ՆԱԵՎ 100 ՏԱՐԻ ԱՆՑ»

Դանիայի Յուլանդի շրջանի Հերնինգ քաղաքից «Միդ Վեստ» աղջիկների երգչախումբը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում այցելել է Հայաստան: Երգչախումբը հոկտեմբերի 10-16 բարեգործական համերգ-շրջագայություններով հանդես կգա Երևանում, Գյումրիում, սահմանամերձ Բերդում և այլն:
Երգչախումբը համերգով հանդես եկավ նաև Լոռու մարզկենտրոն Վանաձորում՝ Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգասրահում: Համերգային ծրագիրը յուրօրինակ նվեր է նաև դանիացի միսիոներներ Մարիա Յակոբսենին և Քարեն Եփեին, ովքեր ցեղասպանության տարիներին օգնել են հայ ժողովրդին՝ բացելով մանկատներ որբացած հայ մանուկների համար:
«Միջոցառման նախաձեռնությունը «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայինն է, որը կյանքի կոչվեց Դանիայում Հայաստանի դեսպանատան ջանքերով՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ»,- նշում է Լոռու մարզպետարանի աշխատակազմի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:
Երգչախմբի երգացանկում ընդգրկված են ինչպես դասական և հոգևոր գործեր, այնպես էլ դանիական ժողավրդական երգեր՝ խորեոգրաֆիկ կատարումներով: Համերգի ընթացքում «Միդ Վեստ»-ը հանդիսատեսին ներկայացավ նաև հայկական երգերի կատարումներով:
Դանիացի աղջիկների խոսքով՝հայերենը շատ բարդ, բայց միաժամանակ գեղեցիկ լեզու է:
«Միդ Վեստ» երգչախմբի դիրիժոր Դորթե Բիլը համերգից հոտո անկեղծացավ. «Վանաձորում ունեցած մեր համերգն անկրկնելի էր: Հայերեն երգի բառերը աղջիկները հաճույքով էին սովորում, ճիշտ է դժվար էր, բայց մեր նպատակն էր կապ ահաստատել հանդիսատեսի հետ, տվյալ դեպքում՝ ամենալավ միջոցը հայերեն երգելն էր»:
Երգչախմբի անդամներից մեկը՝ Էլեն Մարի Ռասմուսենը, արմատներով հայ է, ում տատիկը եղեռնապուրծ հայերից է: Վերջինս, փրկվելով թուրքի յաթաղանից, գաղթել է Դանիա: «Ես և մայրս երբեք Հայաստան չէինք եկել և շատ ուրախ եմ, որ գտնվում եմ իմ հայրենի հողի վրա»,- ասում է Էլեն Մարին,- տպավորված եմ այստեղի հյուրընկալությամբ և ընկերասիրությամբ: Թեև առաջին անգամ ենք Հայաստանում, սակայն այնպիսի տպավորություն ունեմ, որ տուն եմ վերադարձել: Ես շատ ուրախ էի, որ ինձ առաջարկեցին երգել հայերեն, քանի որ ես արմատներով Հայաստանից եմ ու երբևէ չէի եղել իմ հայրենիքում: Սա ինձ համար մեծ պատիվ է»,- նշում է հայազգի երգչուհին:
«Միդ Վեստ» երգչախումբը ստեղծվել է 1999թ-ին, որտեղ երգում են քառասունից ավելի իգական սեռի՝ հիմնականում երիտասարդ ներկայացուցիչներ: Վերջիններս երգել սկսել են 8-9 տարեկանից: «Խմբի նպատակն է ձեռք բերել մեծ փորձառություն՝ նպաստելով երգչախմբային արվեստի զարգացմանը»,- նշում է երգչախմբի նախագահ Մարտին Օուլսենը: «Մենք եկել ենք Հայաստան մեկշաբաթյա շրջագայության: Եղել ենք շատ երկրներում՝ Անգլիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, բայց այսպիսի հյուրընկալության դեռ ոչ մի տեղ չենք հանդիպել: Այս մեկ շաբաթվա ընթացքում ուզում ենք, որ մեր երգչախմբի անդամները պատկերացում կազմեն հայ ժողովրդի, ու հայոց պատմության մասին»,- եզրափակեց երգչախմբի նախագահը:
«Միդ Վեստ»-ը հայանվեր գործունեության համար Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի կողմից արժանացավ խորհրդանշական նվերի՝ Սբ. Մարիամ Աստվածածնի դիմանկարին:
Գոհար Մովսիսյան
- Created on .
- Hits: 2985