ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍ ՀԱԿՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ...

    Մարտի 19-ին ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս Գյուլիստանի դիրքերում զոհվեց Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղի բնակիչ, տասնութամյա Հակոբ Խաչատրյանը։ Հերոսը ՀՀ և ԼՂՀ նախագահների հրամանագրերով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
    Այսօր արդեն Հակոբ Խաչատրյանի անունն է կրում շրջանի Իշխանաձոր գյուղի Հովհ․ Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի համակարգչային կենտրոնը։ «Հակոբ Խաչատրյանի անվան ԵՊՀ կենտրոնի» բացման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 12-ին։ Կենտրոնի բացմանը ներկա էին Հակոբի ծնողները՝ Գայանե և Գագիկ Խաչատրյանները, քույրը, տատիկը, Աղաձորի դպրոցի տնօրենը, ինչպես նաև ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցները, համալսարանականներ։ Հայրենասիրական երգերով ու ասմունքով ներկաներին ողջունեցին նաև դպրոցի սաները։
00004    Հակոբը սովորել է Աղաձորի միջնակարգ դպրոցում։ Դպրոցի տնօրեն Լուսիկ Խաչատրյանի խոսքով՝ ճշտախոս, արդարամիտ, պատասխանատու տղա էր, ակտիվ աշակերտ, պատմության և հերոսների սիրահար․ «Շահեն Մեղրյանը, Մոնթե Մելքոնյանը նրա իդեալներն էին։ Անգամ նախադասություն կազմելիս միայն հերոսների անուններ էր գործածում։ Մասնակցում էր առարկայական օլիմպիադաների, ինտելեկտուալ մրցույթների»։
    Դպրոցն ավարտելուց հետո Հակոբն ընդունվում է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի հեռակա բաժին։ Մեկ տարի անց զորակոչվում է բանակ։
     «Հայրենասիրական ոգին Հակոբի մեջ եղել է դեռ մանկուց, ես չեմ այն սերմանել։ Պատմություն էր սովորում։ Անգիր գիտեր գրեթե բոլոր ազգային հերոսների թևավոր խոսքերը»,- որդու մասին պատմում է Հակոբի հայրը՝ Գագիկ Խաչատրյանը։
    Հաջորդ տարի Հակոբի ծննդյան օրը՝ մարտի 28-ին, մերօրյա հերոսի անունով է կոչվելու նաև հարազատ Աղաձորի միջնակարգ դպրոցը։
000005     «Վարչակազմի և կրթության բաժնի համաձայնությունն արդեն կա, աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշեց դպրոցի տնօրեն Լուսիկ Հարությունյանը։
    Դպրոցն անվանակոչելու խնդրանքով տնօրենին դիմել են նաև աշակերտները։
     «Հակոբի մահվան երկրորդ օրն էր, մենք մոմավառություն էինք կազմակերպել դպրոցում։ Բարձր դասարանի աշակերտներից մեկը մոտեցավ ինձ ու ասաց՝ ընկեր Հարությունյան, խնդրում եմ, արեք ամեն ինչ, ես ուզում եմ ավարտել Հակոբ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցը»,- պատմում է տնօրենը։
    ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի Հովհ․Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում գործող համակարգչային կենտրոնը վերանորոգվել է ԼՂՀ վարչապետի և Քաշաթաղ հիմնադրամի կողմից։ Կենտրոնին համակարգիչներ և գույք է տրամադրել Երևանի պետական համալսարանը։
Ա․Կ․
  • Created on .
  • Hits: 3197

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: