ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՐ

    Մեկնարկել է   «CHOICE-Մշակութային ժառանգություն՝ քաղաքացիական ներգրավվածության բարելավման հնարավորություն» ծրագիրը, որն իրականացվելու է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում:
    Ծրագրի շրջանակներում Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում, որի ժամանակ էլ ներկայացվեցին «CHOICE-Հայաստան՝ ժառանգությունն ու արդիականությունը» մրցույթի մանրամասները:

  Մրցույթն իրականացվում է միջազգային վեց կազմակերպությունների համաֆինանսավորմամբ՝ Տեղական ժողավրդավարական գործակալությունների ասոցիացիա (Ֆրանսիա), Միջազգային «ԵվրաԲելառուս» (Լիտվա), Մշակութային կառավարման կենտրոն (Ուկրաինա), «ICOM-Մոլդովա», «Միլենիում» հիմնադրամ (Հայաստան) և «Սոցիալական նորարարությունների կենտրոն» (Բելոռուս):
   Ծրագրի հիմնական նպատակն է մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների զարգացումն ու հզորացումը, ինչպես նաև մեծացնել հասարակական կազմակերպությունների պրակտիկ մասնակցությունը մշակութային ոլորտի որոշումների կայացման գործում ինչպես ազգային կամ տեղական, այնպես էլ տարածաշրջանային (միջազգային) մակարդակներում, ընդլայնել նորարական մոտեցումների օգտագործումը, և տարածել քաղաքացիական հասարակության նախաձեռնություններն՝ ուղղված մշակութային ժառանգությունը ներառելու ժամանակակից մշակութային կյանքում:
      «Միլենիում Հայաստան» կրթական-հետազոտական հիմնադրամի  ծրագրերի ղեկավար Դինա Մանուկյանի խոսքով նախագիծը կարող է ներկայացվել մեկ կամ մի քանի համագործակից կազմակերպությունների կողմից ինչպես նույն երկրից, այնպես էլ ծրագրի մյուս մասնակից պետություններից (Հայաստան, Բելոռուս, Ուկրաինա, Մոլդովա):
     Մրցույթը շահած ծրագրերը պետք է տևեն առնվազն 6 ամիս, իսկ առավելագույն տևողությունը 14 ամիսն է: Իրականացման ժամկետի սկիզբը 2016թ.-ի մարտի 1-ն է, ավարտը՝ ոչ ավելի ուշ, քան 2017թ.-ի մայիսի 1-ը:
       Թեմատիկ ծրագրի դրամաշնորհի չափը չի կարող գերազանցել 60.000 Եվրոն՝ նախագծի համար, նվազագույն չափը՝ 5.000 Եվրո: Ընդ որում՝ հայտատու կազմակերպության սեփական ներդրումը պետք է կազմի ընդհանուր նախագծի արժեքի առնվազն 10 % ը:
     Հասարակական կազմակերպություններից բացի, մրցույթին կարող են մասնակցել նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունները:
      Ծրագրերի դիմումները կընտրվեն միջազգային ժյուրիի կողմից, որը կազմված է մասնակից-պետությունների մասնագետներից (յուրաքանչյուր պետությունից մեկը):
        Նախագիծ-առաջարկները կընտրվեն 2 փուլով:
     Ծրագրին մասնակցել ցանկացող կազմակերպությունները մշակութային նախագծի իրենց ստեղծարար գաղափարը պետք է ներկայացնեն մինչև առաջին փուլի ավարտը, այն է՝ մինչև հոկտեմբերի 31-ը՝ էլեկտրոնային տարբերակով ծրագրի դիմում-առաջարկներն ուղարկելով office@millennium.am էլ. հասցեին: Իսկ դիմումի ձևը ներբեռնել կարող են www.millennium.am կայքից:  
    Ակնկալվում է, որ աջակցություն կստանա 35 նախագիծ՝ 4 երկրից (այդ թվում նաև գործընկերական նախագծերը):
                                                                                  Գոհար Մովսիսյան
  • Created on .
  • Hits: 3493

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: