«ՆՌԱՆ ՀԱՏԻԿ». ՏՈՆ ԹԱՏԵՐԱՍԵՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոկտեմբերի 25-ին կմեկնարկի «Նռան հատիկ» 15-րդ մանկապատանեկան թատերական փառատոնը։ Այս տարի այն կրում է «Վերածնունդ» խորագիրը։ Թատերասեր փոքրիկները հնարավորություն կունենան դիտելու երեսունհինգ ներկայացում։
Փառատոնին մասնակցում են երեսուն թատերախմբեր ողջ Հայաստանից, որոնցից վեցը այս տարի են միացել փառատոնին։
«Երևանում խաղալը մասնակիցների համար և՛ քննություն է, և՛ ուրախություն։ Ամբողջ տարին աշխատում են այն նպատակով, որ այստեղ խաղան։ Չկա մցույթ, չկա հաղթանակ։ «Նռան հատիկը» նրանց համար տոն է»,-մեզ հետ զրույցում ասաց «Սիրոն» թատերախմբի ղեկավար, Մասիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Արշակ Ղազարյանը։
Մասիսի «Սիրոն» (անունը նշանակում է նռան ծաղիկ) թատերախումբը փառատոնի հնաբնակներից է. այն տարեկան բեմադրում է ամենաքիչը երկու ներկայացում։ Այս անգամ փառատոնին ներկայանալու են «Տերն ու ծառան և Կիկոսի մահը» ներկայացումով, որը բեմադրված է այդ հեքիաթների հիման վրա։
«Սիրոն» թատերախումբը «Նռան հատիկին» մասնակցելու է եկել ամբողջ կազմով՝ տասնվեց սաներն էլ արդեն Երևանում են։
«Չեմ ուզում տարբերություն դնել երեխաների միջև։ Բոլորն էլ մասնակցում են։ Եթե գլխավոր դերում չեն, ապա գոնե փոքրիկ մասնակցություն ունենում են»,-նշում է թատերախմբի ղեկավարը։
Փառատոնի պատվավոր նախագահ Հասմիկ Կարապետյանի խոսքով՝ եթե առաջին տարիներին գտնում ու հրավիրում էին տասը-տասներկու թատերախումբ, հիմա իրենք են ընտրում այն բեմադրությունները, որոնք պետք է ներկայացնեն հանդիսատեսին։
«Ամեն տարի ունենում ենք 10-12 հազար հանդիսատես։ Մեկ ներկայացում դիտելուց հետո հանդիսատեսը չի հեռանում դահլիճից. բոլոր ներկայացումներն ուղեկցվում են հանդիսատեսի բուռն ծափահարություններով»,-ասում է փառատոնի նախագահը։
Կարապետյանի կարծիքով կա նաև թատերական արվեստի մինչբուհական կրթության խնդիր․ «Հայաստանի շատ դպրոցներում արդեն դասավանդվում է թատրոն առարկան՝ որպես ուսումնական դասընթացի մաս։ Ունենք ևս մեկ երազանք՝ թատերական քոլեջ-վարժարանի ստեղծումը»։
«Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը։ Ներկայացումները կցուցադրվեն Անանիա Շիրակացու անվան ճեմարանում, Ավ․Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, Զեյթունի մշակույթի կենտրոնում, Երևանի թիվ 5 մշակույթի կենտրոնում, Ա․Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում։
Փառատոնը նախաձեռնել է «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը։ 2004թ․-ից «Նռան հատիկը» անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3504