ՏԵՂԻ ՈՒՆԵՆՑԱՎ «ԵՎՐՈՊԱ ՆՈՍՏՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

    Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում տեղի ունեցավ «Եվրոպա Նոստրա» մրցանակի հանձնման արարողությունը։ «Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում» անվանակարգում՝ «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրն արժանացել է մրցանակի, որը հանձնեց «Եվրոպա Նոստրայի» փոխնախագահ Իրինա Սուբոտիչը: 
    Մրցանակի հանձնման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ողջույնի խոսքով եկան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլին, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Միլանի պոլիտեխնիկի դասախոս Գայանե Կազնատին:
    Նախարարն իր խոսքում անդրադարձավ արդեն իրականացված հայ-իտալական «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագրի կարևորությանն ու արդյունավետությանը և նշեց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը բազմաթիվ մրցանակների է արժանացել, սակայն «Եվրոպա նոստրա» մրցանակը կարևորագուններից է, քանի որ այն տրվում է մշակությաին ժառանգության պապանության և վերականգնման ոլորտում ունեցած հաջողությունների համար:
    «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության «Պահպանություն» անվանակարգում գլխավոր մրցանակի է արժանացել նաև Դիարբեքիրի հայկական Սբ Կիրակոս եկեղեցին: «Հանրության ընտրություն» մրցանակի երկրորդ և երրորդ պատվավոր տեղերին համապատասխանաբար արժանացել են Դիարբեքիրի Սբ Կիրակոս և Նիկոսիայի հայկական եկեղեցիները:
    «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության հիմնական արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունիսի 11-ին, Օսլոյի (Նորվեգիա) քաղաքապետարանում: Մրցանակաբաշխությունը կազմակերպել էին Օսլոյի քաղաքապետ Ֆաբիան Ստանգը, Կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի եվրոպական հանձնակատար Տիբոր Նավրաչիչը, ինչպես նաև հռչակավոր օպերային երգիչ և «Եվրոպա Նոստրայի» նախագահ Պլասիդո Դոմինգոն: Արարողությանը ներկա է գտնվել նաև Նորվեգիայի թագաժառանգ արքայազն Հաակոն:
    Նախկինում ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտանգված» ծրագրին ներկայացվել են ՀՀ Արագածոտնի մարզի Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու (2012 թ.), ՀՀ Լոռու մարզի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքի հայտերը (2013 թ.), որոնք այդ տարիներին ընդգրկվել են նախնական ցանկերում:
    2012 թ. Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հետ համատեղ լրացված հայտի հիման վրա Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունն արժանացել է «Եվրոպա Նոստրա 2013» մրցանակաբաշխության ժյուրիի հատուկ գնահատականին և պատվոգրի՝ «Կազմակերպության կողմից օրինակելի ներդրում ժառանգության բնագավառում» անվանակարգում: Ի թիվս Եվրոպայում գործող այլ կազմակերպությունների՝ «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունն արժանացել է ժյուրիի շնորհակալությանը՝ «Եվրոպա նոստրա-2013» մրցանակաբաշխությանը Հայաստանից ներկայացված հայտերի անկախ մասնագիտական փորձաքննությունն իրականացնելու համար:
  • Created on .
  • Hits: 2971

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: