ՕՊԵՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԸ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ
Նոյեմբերի 3-ին Օպերային թատրոնի մեներգիչները և սիմֆոնիկ նվագախմբի արտիստները Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի «Օպերային արվեստը զորամասերում» նախագծի շրջանակներում ելույթներ ունեցան Տավուշի մարզի մի քանի սահմանամերձ զորամասերում:
Համերգին որպես մենակատար ելույթներ ունեցան Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր, ՀՀ վաստ. արտիստ Գայանե Աբրահամյանը, Օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստ. արտիստ Կոնստանտին Սիմոնյանը և այլոք:

Համերգները նվիրված էին զոհված ազատամարտիկների հիշատակին, որոնց ընտանիքները նույնպես ներկա էին համերգներին:
Նախագծի նպատակն է հայ զինվորի մեջ զարգացնել դասական արվեստը և վստահեցնել նրան, որ նաև դասական մշակույթի գործիչներն են իր կողքին: Օպերային թատրոնի արտիստները մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ են վերաբերվում զինվորի ռազմական ոգին բարձր պահելու կարևոր նախաձեռնությանը:
Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի նախագծերից են «Օպերային արվեստը կրթօջախներում», «Օպերային արվեստը ՀՀ մարզերում և Արցախում», «Համերգ ճեմասրահում» և այլն, որոնց նպատակն է աջակցել օպերային արվեստի զարգացմանն ու տարածմանը:
Նախագծին աջակցում է Հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
- Created on .
- Hits: 3112