«ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՆ ԻՄ ԷՄՈՑԻԱՆԵՐՆ ԵՆ»

     «Սկզբում ուզում էի ձեռքով նկարել, բայց չէր ստացվում։ Երևի այդ տաղանդը չունեի»,- անկեղծանում է երիտասարդ լուսանկարիչ Սիլվա Խնկանոսյանը։
     Արդեն հինգ տարի է, ինչ Սիլվան զբաղվում է լուսանկարչությամբ։ Մասնակցել է մի քանի խմբակային ցուցահանդեսների Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), Նարեկացի արվեստի միությունում, «Դալան» ցուցասրահում և այլուր։
    Սիլվային գրավում է հատկապես ժապավենային լուսանկարչությունը։ Նրա ոգեշնչման աղբյուրը ռուս լուսանկարիչ Ալեքսեյ Տիտարենկոն (Alexey Titarenko) է։ Հայ լուսանկարիչներից ոչ մեկի չառանձնացրեց։ Կադր որսալու առումով ներշնչվում է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերից։
   Լուսանկարչուհու առաջին անհատական ցուցահանդեսն այսօր բացվեց «Երևան» համերգասրահում։
    Սիլվայի լուսանկարներում շատ են հատկապես քաղաքային պատկերները։ «Շենքերը, շինությունները քաղաք չեն, մարդու ստեղծածն են, բայց քաղաքը չեն։ Քաղաքը մարդիկ են, մթնոլորտ, որ ես հիմա չեմ գտնում, կորել է։ Նկարել եմ այն հայացքները, որ չկան, անհասկանալի կերպով վերացել են։ Հիմա մարդկանց կարելի է համեմատել մանեկենների հետ։ Սառն են, անտարբեր, չեն ուզում տեղից շարժվել, առաջ գնալ»,- մեզ հետ զրույցում նշեց լուսանկարչուհին։
    Լուսանկարներն անվանել չի սիրում, դրանք մեկնաբանել՝ նույնպես․ «Լուսանկարներով արտահայտվում եմ, բողոքում, հայտնում հիացմունքս։ Դրանք իմ էմոցիաներն են, իսկ էմոցիան անուն չունի»։
    Ցուցահանդեսին կարող եք ծանոթանալ «Երևան» համերգասրահում։ Հասցե՝ Արշակունյաց 2; Մամուլի շենք, 2-րդ հարկ։
Աննա Կարապետյան
լուսանկարները՝ Աննա Կարապետյանի
  • Created on .
  • Hits: 3248

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: