«ՏԱՆ ԴՈՒՌԸ» ԿԱՄ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊՈԵԶԻԱ

     
          Պատգամների դռան տունն ենք մոռացել,
          ուր հավաքվում էինք երեկոները, նկարում արև
          ու լույսի մասին երգում մի հին մեղեդի․․․

                                                      Հուսիկ Արա

    Լույս է տեսել բանաստեղծ, լրագրող Հուսիկ Արայի «Տան դուռը» ժողովածուն։ Գրքում տեղ են գտել հեղինակի վերջին չորս տարիների ստեղծագործությունները՝ բանաստեղծություններ, պոեմներ, էսսեներ, անկախության պոեզիայից մինչև սիրային բանաստեղծություններ ու սաղմոսներ։
    «Մենք պատերազմի և հեղափոխության արանքում կորած սերունդ ենք»,- «Դալան» ցուցասրահում կայացած շնորհանդեսի ժամանակ ասաց հեղինակն ու  ավելացրեց,- ես ոչ միայն անկախության շրջանում ստեղծագործող մարդ եմ, այլ անկախությունը ներկայացնող հեղինակ»։
    «Տան դուռը» գրքում ընդգրկված է նաև «Ազատության հրապարակ» շարքը համանուն գրքից։ «Ազատության հրապարակը» հեղինակի նախորդ գիրքն է։ Հուսիկ Արան գիրքը տպագրել է Արցախյան շարժման 25-ամյակի առիթով։
    «Անկախությունը միակ բանն է, որի համար պատրաստ եմ արյունս տալ։ Այն վեր է, բարձր է ամեն ինչից»,- նշում է բանաստեղծը։
    Հանդիպման վերջում Հուսիկ Արան շնորհակալություն հայտնեց այն լուսավոր աղջկան, ով իր ներշնչանքի աղբյուրն է։ Հարցին, թե ով է նա, պատասխանեց՝ ինքս ինձ էլ չեմ խոստովանում։
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3706

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: