«ՀԻՍՈՒՍԻ ԿԱՏՈՒՆ»՝ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՆՈՐ ՈՒՂԵԿԻՑԸ
Պուճուր մարդը ձեռքերը տարօրինակ շարժումներով թափահարում էր օդում, կարծես ցանկանում էր չթողնել, որ փաթիլներն ընկնեն գետնին, կարծես հետ, դեպի երկինք էր փորձում հրել, գետնից վերցնում էր ձյունն ու նետում էր վեր` ամբողջ ընթացքում բղավելով.
- Մի՛ արի, կկեղտոտվես, ասում եմ` մի՛ արի:
Գրիգ «Պուճուր մարդը»
«Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ երիտասարդ արձակագիր Գրիգի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը։ «Հիսուսի կատուն» Գրիգի առաջին գիրքն է։
«Սուտ կլինի, եթե ասեմ՝ ստեղծագործում էի, ցանկանում էի գրող դառնալ. պատահական ստացվեց գիրքը, նույնիսկ պատմվածք գրելու ձգտում չկար, պարզապես կար հիշողությունները թղթին հանձնելու ցանկություն, քանի որ սկսել էի վախենալ, որ դրանք մի օր կջնջվեն»,- անկեղծանում է հեղինակը։

Արձակագիրը ներկայացնում է քաղաքային պատկերներ։ Գրիգի պատմվածքների հերոսները անտուն մարդիկ են, ծանր հիվանդություն ունեցող մարդիկ։
«Ցանկացել եմ հասկանալ նրանց կյանքը, զգալ նրանց ազատությունն ու անազատությունը»,- ասում է հեղինակը։
Մինչ գրքի լույս տեսնելը արձակագիրը բազմիցս տպագրվել է մամուլում, մասնավորապես՝ «Գրեթերթում»։ Գրիգի ստեղծագործական ընթացքին հետևած ընթերցողները լավ գիտեն՝ արձակագրի համար մանրուքները կարևոր են. նա խոսում է դետալների լեզվով։

«Մա՛րդ եկավ գրականություն. դուռը կամաց թակել, մտել է՝ պատմվածքները ձեռքին, սպասում է: «Մարդ»-ը իզուր չէ, որ շեշտվեց սկզբում, նորագույն սերնդի գրականության ամենատաղանդավոր հեղինակներից մեկը՝ Գրիգը, գրականություն է եկել մարդուն որոնելու, հասկանալու, ճանաչելու համար, ճանաչելով՝ չատելու, այլ սիրել կարողանալու համար, եկել է մարդուն, նրա դժվարին փորձությանը, նրա ծանր առաքելությանը, որ ապրելն է, զորավիգ լինելու համար»,- նշում է խմբագիրը գրքի առաջաբանում։
«Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը
Նյութը՝ Աննա Կարապետյանի
Լուսանկարները՝ «Հայ գիրք» գրախանութի
- Created on .
- Hits: 4931