ՆՈՐ ԳԻՐՔ «ԱՄԵՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՈՉ ՄԵԿԻ ՀԱՄԱՐ»

    Դեկտեմբերի 4-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ սփյուռքահայ փիլիսոփա, գրականագետ Մարկ Նշանեանի «Պատկեր, պատում, պատմութիւն» գրքի առաջին հատորի շնորհանդեսը։ Այդ առիթով զրուցեցինք հեղինակի հետ:


    - Ո՞ւմ է ուղղված «Պատկեր, պատում, պատմությունը»։
    - Դժվար կարդացվող գիրք է, քանի որ ըստ երևույթին փիլիսոփայական է։ Միևնույն ժամանակ ցույց է տալիս պատկերներ, իմ բացատրություններով խոսում է շատ ծանոթ ֆրանսիացի հեղինակների՝ Մորիս Բլանշոյի և Ժորժ Բատայի մասին։ Ուղղված է ոչ միայն փիլիսոփաներին, մտավորականներին, այլև հասարակությանը, ուսանողներին։
 mark nshanyan   Բլանշոն ու Բատայը փիլիսոփաներ չէին, այլ վիպագիրներ։ Բատայը նաև քաղաքական ակտիվիստ էր, մտածող և իր կյանքի ընթացքում անդադար փորձում էր երկխոսության մեջ մտնել փիլիսոփաների հետ։ Փիլիսոփայության պրոֆեսորները իմ դիմաց նստած ժամերով խոսում էին Բատայի մասին, ինչու՞, որովհետև Բատայը Նիցշեի ընթերցող էր։ Հիմա ինձ ասեք՝ Նիցշեն ի՞նչ է, փիլիսոփա է, թե՞ գրող, երբ «Այսպես խոսեց զրադաշտն» է գրում։ Գիրք ամեն մարդու է ուղղված: Ինչպես գրքերից մեկի ենթախորագրում Նիցշեն է ասում՝ ամեն մարդու և ոչ մեկի համար։ 
 01 mark nshanyan  - Որպես հեղինակ ի՞նչ խնդիր էիք դրել Ձեր առջև։
    - Պետք էր այս երկու անձերին՝ Բատային ու Բլանշոյին, կողք կողքի դնել և բացատրել, թե ինչպես է մեկը ներշնչված մյուսից։ Կարիք ունենք մտածելու վերապրողի էության մասին, խոսեցնելու վերապրողին իր ինքնաուրացումից անդին, ուրեմն կարիք ունենք խոսելու և խոսեցնելու աղետը պատմագիտությունից դուրս և անկախ, ցույց տալ, թե ինչ է նշանակում նվիրվել աղետին, ինչ է նշանակում հարց տալ աղետի բնույթի մասին։ Ոչ մեկն այս հարցը չի տվել, թողել ենք, որ մեր փոխարեն պատմագետները խոսեն։
    - Ի՞նչ է լինելու հաջորդ հատորում։
    - Երկրորդ հատորի մեջ ֆրանսիացի գրողները չեն, սփյուռքի հայ վիպագիրներն են, որոնք գրել են աղետից հետո, բայց ոչ աղետի մասին, թողել են, որ իրենց գործի մեջ իրենցից անկախ խոսի աղետը։ Որբունի, Շահնուր, բայց կա նաև պատկերի և վերապրողի միջև կապը։

    Մարկ Նշանեանի «Պատկեր, պատում, պատմութիւն» գիրքը լույս է տեսել «Ակտուալ արվեստ» հրատարակչության և Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի համատեղ ջանքերով, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Զրուցեց Աննա Կարապետյանը
 
  • Created on .
  • Hits: 3567

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: