AIR. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

    «Պատմության դասը վերջացավ։ Ընկերս դասարանից դուրս գալիս ականջակալները մոռացավ սեղանին։ Սկսեցի խաղալ ականջակալներով, հագցրի գրքի վրա, գրքից էին լարերը դուրս գալիս։ Մտածեցի՝ ինչ լավ կլիներ, եթե մի սարք լիներ, միացնեիր գրքին ու կարողանայիր լսել գրքի բովանդակությունը»,- պատմում է AIR (audio information reader) երիտասարդական  նախաձեռնության հիմնադիր Գևորգ Հայրապետյանը։
    Գևորգը սովորում է Երևանի թիվ 62 դպրոցի ավարտական դասարանում։ Այս դպրոցական միջադեպից հետո ծագած միտքը որոշել է զարգացնել մտերիմ ընկերների հետ։
001 AIR new project    Երիտասարդները մտադիր են ստեղծել թևնոց-սարք, որին միացված Bluetooth ականջակալի միջոցով կկարողանան լսել իրենց կողմից ձայնագրված աուդիոգրքերը։ Միաժամանակ աշխատում են աուդիոգրքերի կայք և ծրագրի հեռախոսային հավելված ստեղծելու ուղղությամբ։
   «Ուզում ենք ստեղծել աուդիոգրքերի ամենամեծ բազան Հայաստանում։ Մտադիր ենք նաև գրքերի մի մասը թարգմանել անգլերեն, վերածել աուդիոգրքի և տարածել արտերկրում»,- ասում է նախաձեռնության անդամներից Լևոն Թադևոսյանը։
    Լևոնի համոզմամբ՝ շատ մարդիկ են անիմաստ ժամանակ վատնում երթուղայիններում․ «Քաղաքային տրանսպորտում գիրք լսելն ավելի հեշտ է, քան գիրք կարդալը»։
002 air project  AIR-ի թիմն արդեն սկսել է աուդիոգրքերի ձայնագրման աշխատանքները։ Սկզբում կձայնագրեն հայ դասականներին, նոր միայն ժամանակակիցներին նոր տպագրված գրքերի վաճառքին չխանգարելու համար։ «Քանի որ չունենք ֆինանսավորում, չենք կարողանում առաջ գնալ»,- մեզ հետ զրույցում նշեցին տղաները։
    Աուդիոգրքերի ձայնագրման ստուդիայի երկու տարվա վճարը տրամադրել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը։ Սարքի, հեռախոսային հավելվածի և կայքի ստեղծման համար երիտասարդներին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն։
Նյութը՝ Աննա Կարապետյանի
  • Created on .
  • Hits: 3015

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: