ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ Պ. ՉԱՅԿՈՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ 9-ՐԴ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Դեկտեմբերի 5-15-ը Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում կայացած Պ. Չայկովսկու անվան 9-րդ պատանեկան միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող ջութակահար Դիանա Ադամյանը արժանացել է երկրորդ, Անդրանիկ Աղաջանյանը` հատուկ մրցանակի:
Միջազգային մրցույթների դափնեկիրներ Դիանա Ադամյանը (դասատու՝ ՀՀ վաստակավոր ուսուցիչ Պետրոս Հայկազյան) և Անդրանիկ Աղաջանյանը (դասատու՝ Արմինե Ավետիսյան) սովորում են Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի լարային բաժնի 11-րդ դասարանում: Նրանք մրցույթին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Նշենք, որ պատանի երաժիշտները սույն թվականի հուլիսին որպես մենակատարներ հանդես էին եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ և հաղթել մրցույթի նախընտրական փուլում` արժանանալով միջազգային մրցույթի կազմկոմիտեի հրավերին:
Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվել է երեք փուլով` դաշնամուր, ջութակ, թավջութակ անվանակարգերում, որին մասնակցել են մինչև 17 տարեկան 130 պատանի երաժիշտ-կատարողներ, ավելի քան 23 երկրներից. Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Իտալիայից, Ավստրալիայից, Կորեայից, Ուկրաինայից, Ռումինիայից, Իսրայելից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, Ֆրանսիայից, Սերբիայից, Ավստրիայից, Ղազախստանից, Կանադայից, Դանիայից և այլ երկրներից:
Դաշնակահարների ժյուրին նախագահել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական տասնամյակի տնօրեն, ՌԴ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վլադիմիր Օվչիննիկովը, ջութակահարներինը՝ ՌԽՍՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Կրավչենկոն, իսկ թավջութակահարներինը՝ ՌԴ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Մարիա Չայկովսկայան:
- Created on .
- Hits: 2935