«ԱՄԵՆ ՄԻ ԿԱՏԱՐՈՒՄ ՅՈՒՐՈՎԻ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԳՈՐԾԸ». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

«Տպավորիչ էր Requiem-ի այսօրվա կատարումը: Լավ աշխատված էր: Մլքեյանը, իհարկե, շատ լավ գիտի նյութը: Եվ պետք է ասել, որ Սոնա Հովհաննիսյանի «Հովեր» երգչախմբի ներկայությունը որոշիչ դեր ունեցավ հնչողական ներդաշնակության, որակի վրա: Նվագախումբը նույնպես շատ լավ էր աշխատել բոլոր նրբերանգների վրա, բոլոր հնչողությունները ինչ-որ պետք էր կորզել լարայինների նվագախմբից, արեցին: Ես շատ գոհ եմ: Հուսամ՝ գործը այս կատարմամբ էլի կհնչի»,- համերգի ավարտին cultural.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Մանսուրյանը:
Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և «Հովեր» պետական կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սոնա Հովհաննիսյան) մասնակցությամբ դեկտեմբերի 17-ին Կամերային երաժշտության տանը հնչեց Տ. Մանսուրյանի Requiem-ը: Սա հայաստանյան երկրորդ կատարումն էր:
Մանսուրյանի այս ստեղծագործության համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Բեռլինում՝ ՌԻԱՍ կամերային երգչախմբի և Մյունխենի կամերային նվագախմբի կատարմամբ: Երևանյան համերգին ներկա էր նաև գերմանացի դիրիժոր Քլաուս Բաուերը, ում ղեկավարությաբ Requiem-ը երկու անգամ հնչել է Ֆրանկֆուրտում:
«Երբ Քլաուս Բաուերը իմացավ, որ այստեղ պիտի կատարվի գործը, հատուկ եկավ, որ տեսնի, թե մենք՝ հայերս, ինչպես ենք դա կատարում: Ամեն անգամ կատարումը տարբեր է: Ամեն մի կատարում յուրովի է ներկայացնում գործը»,- նշեց կոմպոզիտորը:
Ռոբերտ Մլքեյանի ղեկավարմամբ Requiem-ը այս տարի կատարվել է նաև Մեքսիկայում: Դիրիժորը խոստովանում է՝ այն բարդ է կատարել, բայց դա չպետք է խանգարի, որ այն հաճախ հնչի: «Տ. Մանսուրյանը այն հեղինակներից է, հայ կոմպոզիտորական դպրոցի մեր այն դասականն է, ով ստեղծում է բարձրակարգ գործեր, որոնք իրապես բարդ են կատարել: Բայց մենք չենք դնում նման խնդիր՝ հեշտ է կատարել թե ոչ, կա մի չափանիշ՝ դա հանճարեղ երաժշտություն է և պետք է կատարվի»: Նա նշեց, որ Հայաստանում Requiem-ի քիչ կատարվելու պատճառներից մեկն էլ այն է, որ այս տարի շատ են շրջագայել և դրսի համերգների պատճառով ներսի համերգները պակասել են:
«Այն, որ Մանսուրյանի Requiem-ը իր կյանքն ունի առանց այստեղի կատարման էլ, դա փաստ է, ամբողջ աշխարհում կատարվում է, և ավելի լավ, որ մենք էլ կարողանանք կատարել»,- ասաց Ռ. Մլքեյանը՝ հավելելով, որ հայկական մշակույթն ու արվեստը արժանի են, որ ճանաչվեն ամբողջ աշխարհում: «Ես միայն մի բան կցանկանայի, որ մեր երկիրն այնքան հզոր լիներ, որ իր մշակույթը կարողանար աշխարհով մեկ սփռել: Ցավոք, մենք այսօր չունենք այդ հզոր երկիրը, որը կարողանա ասել, որ մենք ունենք այսպիսի մշակույթ: Եվ մենք ստիպված այդ մշակույթը մի կերպ դուրս ենք հանում, երբ համերգներ ենք ունենում ամբողջ աշխարհում: Մեր արվեստը արժանի է, որ ճանաչվի, սակայն ցավոք, այսօր չունենք այդ ճանաչումը»,- ասաց դիրիժորը:
Համերգի լուսանկարները տե՛ս այստեղ:
Աստղիկ Հակոբյան
Լուսանկարը՝ Արթուր Գևորգյանի
- Created on .
- Hits: 3858