«ՄԵՆՔ ՉԷ, ՈՐ ՊԻՏԻ ՄԻՋԱՄՏԵՆՔ»․ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԳՈՎԱԶԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ)

    2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով աշխարհի 35 երկրում իրականացվել է շուրջ 400 միջոցառում։ Հայաստանն ակտիվորեն մասնակցել է տարվա ընթացքում անցկացված  գրքի 11 միջազգային ցուցահանդես-տոնավաճառների  (Մինսկ, Փարիզ, Ալմաթի, Լոնդոն, Թեհրան, Սալոնիկ, Վարշավա, Նյու Յորք, Մոսկվա, Գյոտեբորգ, Ֆրանկֆուրտ)։ Միայն Հայաստանի ազգային գրադարանի տվյալներով՝ 2014-2015 թվականներին Հայոց ցեղասպանության թեմայով աշխարհում հրատարակվել է 360 գիրք, որից 119-ը՝ Հայաստանում (88 հայերեն, 31 օտար լեզուներով)։
    2016 թվականը նույնպես մշակութային տարի է լինելու։ Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի փոխանցմամբ՝ տպագրվելու են գիրք-ալբոմներ նվիրված Հայաստանին, մեր անկախության 25-ամյակին, ինչպես նաև «Մեր մեծերը» ալբոմների շարք։ Արդեն մեկնարկել են մի քանի գրքերի թարգմանական աշխատանքներ։ Գուրգեն Մահարու «Այրվող այգեստանները» թարգմանվելու է եթովպերեն։ Անգլերենով լույս են տեսնելու Զապել Եսայանի ստեղծագործությունները, «Նեմեսիս գործողությունը․ Սողոմոն Թեհլերյան» գիրքը և Կոմիտասի նամականին, պարսկերենով՝ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը»։  Հաջորդ տարի նախարարությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնելու նաև գրքերի թվայնացմանը։
2016 Nerses Ter Vardanyan    Փոխնախարարի խոսքով՝ պետական պատվերով, աջակցությամբ հրատարակված բոլոր գրքերից օրինակներ են տրամադրվում նաև մարզային գրադարաններին։
    Cultural.am-ի այն հարցին, թե որքանով է գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառներին մասնակցելու ակտիվությունը նպասում բովանդակային քննարկումներին, համագործակցության դաշտի ստեղծմանը, Տեր-Վարդանյանը պատասխանեց․ «Շեշտը բովանդակության վրա տարեցտարի դրվում է․ներկայացվող գրքերի քանակը որպես մի ցուցանիշ կարող եմ նշել. յուրաքանչյուր տարի դրանց թիվն ավելանում է։ Մյուս կողմից՝ մեր հրատարակիչները փաստում են, որ հրատարակչության ոլորոտում համագործակցության ավելի երկարատև գործընթաց են։ Նրանք այսօր արտերկրում տոնավաճառների մասնակցելիս պայմանավորվածությունները զարգացնում են և կարող է արդյունքի հասնեն երեք տարի հետո։ Բնականաբար, եթե վերջին երեք տարում իրենք մասնակցել են, յուրաքանչյուր նոր պայմանավորվածության հետ մենք ակնկալում ենք ավելի շատ պտուղներ, այսինքն՝ նախորդներին գումարվում են նորերը։ Դրա շնորհիվ է, որ մենք ունենք մի շարք թարգմանություններ՝ և՛ մանկական գրքերի, և՛ վեպերի: Օրեր առաջ Դեն Բրաունի գրքերից մեկը հրատարկվեց, այսօր «Լիր արքայի» շնորհանդեսն է։ Մեր հրատարակիչները այս իմաստով բավականին ակտիվ են»։
    Փոխնախարարին հարցրինք՝ նախարարությունն իրավասություններ ունի՞ արդյոք գրքի և ընթերցանության քարոզչության ոլորտում, քանի որ հաճախ տեսնում ենք գովազդներ, որ ավելի շատ հակաքարոզչություն են, քան ընթերցանության քարոզչություն, օրինակ՝ «Միայն ուղտը չի սիրում գիրք կարդալ»։
   «Այստեղ շատ լուրջ սահմանագիծ կա։ Պետությունը չի կարող միջամտել մասնավորի արտահայտվելու իրավունքին։ Կան իհարկե որոշակի գնահատականներ, որոնք տրվում են վարվող քարոզչությանը։ Մենք չէ, որ պիտի գնահատենք այդ գովազդի արդյունքը և մենք չէ, որ պիտի միջամտենք։ Դրանց շուրջ քննարկումներ ինչքան անհրաժեշտ է եղան և՛ սոցիալական ցանցերում, և՛ մնացած բոլոր տեղերում»,- պատասխանեց Ներսես Տեր-Վարդանյանը։

Աննա Կարապետյան
 
 
 
  • Created on .
  • Hits: 3259

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: