«ՔՈ ՁԵՌՔԵՐԸ ԵՂԱՆ, ՈՐ ՊԻՆԴ ԳՐԿԵՆ ԻՐԵՆ» / ԳՐԿԱԽԱՌՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Արդեն 30-րդ տարին է, ինչ աշխարհի մի շարք երկրներում հունվարի 21-ը նշվում է որպես Գրկախառնության միջազգային օր (International Hug Day): Տոնը մեկնարկել է 1986թ.-ին ԱՄՆ Միչիգան նահանգում։ Մտահղացումը Քեվին Զաբորնիինն (Kevin Zaborney) է։
Երբ Զաբորնին սովորում էր Միչիգանի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում նկատեց, որ չկա գրկախառնվելու օր, իսկ մարդիկ ունեն դրական փոփոխությունների կարիք։ Ընտրվեց հունվարի 21-ը, քանի որ այն ընկած է Ամանորի, Սուրբ ծննդյան տոների և Սուրբ Վալենտինի օրվա միջև։ Զաբորնիի կարծիքով սա այն ժամանակահատվածն է, երբ մարդիկ վատ տրամադրություն ունեն։
«Ամերիկյան հասարակությունը ամաչում է արտահայտել իր զգացմունքները»,- ասել է նա և հույս հայտնել, որ միգուցե տոնը փոխի ինչ-որ բան։
Անգամ տոնի՝ Chase's Annual Events-ում ընդգրկվելուց հետո, հեղինակը չէր սպասում ջերմ ընդունելության։ Մտածում էր, թե ծաղրանքի կարժանանա։ Տոնը պաշտոնապես ճանաչվեց ԱՄՆ Copyright Office-ի կողմից և սկսեց նշվել ոչ միայն նահանգներում, այլև Կանադայում, Անգլիայում, Գերմանիայում և մի շարք այլ երկրներում։
Ավանդույթի համաձայն՝ այս օրը կարելի է գրկել ինչպես ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին ու սիրելիներին, այնպես էլ անծանոթներին։ Լավ առիթ է միմյանց շնորհակալություն հայտնելու, դրական զգացողություններ պարգևելու և ժպտալու համար։ Քանի դեռ օրը չի վերջացել, կարող եք գրկել նրանց, ում ցանկանում եք, բայց լավ կանեք նախապես հարցնեք։ Միգուցե նրանք չգիտեն տոնի գոյության մասին։
Ստորև ներկայացնում ենք բանաստեղծ Հուսիկ Արայի «Եվ սերը ասաց» բանաստեղծությունը։
Եվ սերը ասաց
Ամեն բան հարաբերական է տիեզերքում,
բացառությամբ այն սերը,
որ ես ունեմ քո նկատմամբ:
Եվ իմ սերը ասաց` լույս լինի,
քո աչքերը եղան.
տեսավ, որ աչքերը չքնաղ են,
սպիտակ մասը ցերեկ կոչեց,
սևը` գիշեր,
որ ամեն օր քնի և արթնանա քո կոպերի տակ:
Սերը ասաց` երկինք լինի,
քո հայացքը եղավ,
ասեց` երկիրը լինի,
քո ձեռքերը եղան,
որ պինդ գրկեն իրեն,
հանկարծ չընկնի ջրերի վրա:
Սերը ուզեց արև լինի`
քո համբույրը եղավ,
ուզեց լուսին լինի`
քո ժպիտը եղավ,
և աստղերը` հմայքը քո,
որ չմոլորվի առանձնության մեջ:
Եվ սերը քեզ ստեղծեց.
եղար դու`
մարմին ու էություն,
որ շատացնես
համբույրը,
ժպիտը,
հմայքը
և իշխես բոլորի ու իր վրա:
Ամեն բան հարաբերական է տիեզերքում.
միայն դու ես
բացարձակ Ես,
ինչպես առաջին խոսքը,
որ հնչեց քաոսի մեջ
և եղավ:
(«Տան դուռը» գրքից)
Պատրաստեց՝ Աննա Կարապետյանը
Լուսանկարը՝ www.thedailypedia.com կայքի
- Created on .
- Hits: 3441