ԼԻՏՎԱՑԻ ԿԱՄԱՎՈՐԸ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԵԿՈՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ

    Թոմաս Պետրաուսկասը Լիտվայից Հայաստան է եկել անցած սեպտեմբերին. երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ) կամավորներից է։ Մասնագիտությամբ ֆիզիոթերապևտ՝ Թոմասը աշխատում է Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի սաների հետ։ Իրականացնում է մշակութային և սպորտային ծրագրեր։ Հենց Թոմասն է կենտրոնի սաներին լիտվական պարեր սովորեցրել։
    Լիտվական պարերով կենտրոնի սաները հանդես եկան Նարեկացի արվեստի միությունում կազմակերպված «Լիտվա-Հայաստան» երեկոյի ժամանակ։ Երեկոյի մտահղացումը նույնպես Թոմասինն էր։
    «Ինձ համար միջոցառումը շատ կարևոր է, քանի որ հայ-լիտվական միջմշակութային հաղորդակցության առիթներ այնքան էլ հաճախ չեն ստեղծվում։ Այստեղ ներկայացվեց մեր մշակույթը, մեր ազգային պարերը։ Երեկոն առանձնահատուկ էր նրանով, որ լիտվական ազգային պարերը ներկայացնում էին հայ երեխաները։ Գեղեցիկ էր, ֆանտաստիկ»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց Թոմաս Պետրաուսկասը։
    Ինչպես ԵԱԴ մյուս կամավորներին, այնպես էլ Թոմասին աջակցում է կազմակերպության կամավորների խորհրդատու Արթուր Հարությունյանը։
litvakan mijocarum    «Կամավորական ծրագրի մեխը միջմշակութային կապերի ձևավորումն է։ Նրանք գալիս են Հայաստան, սովորում հայերեն, դառնում մեր մշակույթի կրողը։ Միաժամանակ իրենք են փորձում տարածել իրենց լեզուն ու մշակույթը»,- նշեց նա։
    Մշակութային երեկոյի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեցին լիտվական պոեզիան, ազգային երգն ու պարը։ Երեխաները ներկայացրին նաև հայկական ազգային պարեր։ Դահլիճում փոքրիկների հետ հավասար պարում էին նաև մի շարք երիտասարդներ։
    Երեկոյին ներկա էր ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Էրիկաս Պետրիկասը։
    «Լիտվա-Հայաստան» մշակութային երեկոն կազմակերպվել էր Նարեկացի արվեստի միության միջմշակութային փոխհամագործակցության ծրագրի շրջանակներում։ Միջոցառումը նախաձեռնել էր Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ) Եվրոպական կամավորական ծրագրի շրջանակում Լիտվայից Հայաստան ժամանած Թոմաս Պետրաուսկասը՝ Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի սաների և ուսուցիչների օգնությամբ:
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2914

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: