ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐԸ՝ ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Այսօր Վիլեն Գալստյանը նշում է ծննդյան 75-ամյակը։ Օպերային թատրոնի գլխավոր բալետմայստերի համար օրն աշխատանքային է։ Ընթանում են Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի փորձերը։ «Գայանեն» կրկին բեմ կբարձրանա փետրվարի 13-ին Գալստյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունից հետո։
«Անցած տարիները մնում են անցյալում։ Հիմա ամենապատախանատու օրերն են․ բեմադրում եմ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վ. Գալստյանը։
«Դիմակահանդեսը» Հայաստանի գլխավոր թատրոնի բեմում կլինի գարնանը․
«Պետերբուրգյան մշակույթ է։ Հայկական զգեստներ չեն։ Բարդ է, թանկ է։ Քիչ առաջ ինձ Մշակույթի նախարարը շնորհավորեց։ Ասացի՝ պատրաստվեք «Դիմակահանդեսին», թանկ ներկայացում է լինելու։ Շատ դրական արձագանքեց, ինչպես միշտ»։

Վիլեն Գալստյանի խոսքով՝ անկախ սոցիալական պայմաններից, հայ հանդիսատեսը սիրում է բալետ, իսկ մեր երիտասարդներին բալետը լավ է տրվում։
«Ոչ միայն իմ տղան, այլև Ռուբենը, Սևակը, մյուսները, մեկը մյուսից լավն են, բոլորն էլ իմ տղաներն են։ Մեր տղաները ցնցում են աշխարհը»,- նշում է նա։
Անդրադառնալով իր առաջիկա ծրագրերին՝ Վիլեն Գալստյանն ասաց․ «Կուզեի Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» բեմադրել, որ ժամանակին բեմադրել եմ։ Ցուրտ ու մութ տարիներն էին, թատրոնում լույս չկար, ջեռուցում չկար, դեկորները, կոստյումները բորբոսնեցին, տարան թափեցին, ներկայացումը մահացավ»։
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը ծնվել է 1941թ. փետրվարի 12-ին, Երևանում: 1959թ. ավարտել է
Երևանի պարարվեստի ուսումնարանը: 1959-61թթ եղել է Թբիլիսիի Փալիաշվիլու, 1961թ-ից` Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ: 1972-75թթ ղեկավարել է բալետային խումբ և եղել թատրոնի գլխավոր բալետմայստերը: 1974թ.` «Գայանե», 1976թ.` «Սասունցի Դավիթ» բալետի դերակատար, ռեժիսոր և սցենարի համահեղինակ: Ներկայացումներով եղել է աշխարհի և Խորհրդային Միության բազմաթիվ երկրներում և արժանացել բազմաթիվ մրցանակների: Եղել է Կրասնոդարի ֆիլհարմոնիայի պարի խմբի ղեկավարը: Պարել է Մոսկվայի Մեծ թատրոնի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի մեծ բեմերում: Լավագույն դերապարերից են` Սպարտակ` Խաչատրյանի «Սպարտակ», Բյուրատ, Անտունի` Հովհաննիսյանի «Հավերժական կուռք», «Անտունի», Պրոմեթևս` Արիստակեսյանի «Պրոմեթևս», Արքայազն` «Մոխրոտը» և այլն: Նկարահանվել է ավելի քան 60 ֆլմերում: 1969թ. կերտել է Սայաթ-Նովայի դերը Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում: 1987-88թթ եղել է Մոնտեվիդեոյի «Տեատրու Սոլիս»-ի գլխավոր բալետմեյստերը: Արժանացել է պետական պարգևների, պատվոգրերի ու մրցանակների Հայաստանում և արտերկրում: 1967թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Ղեկավարել է Երևանի պարարվեստի ուսումնարանը: 2013թ. արժանացել է ՀԹԳՄ Հատուկ մրցանակի` թատերարվեստում ունեցած ավանդի համար:

Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3776