ՍԻՄՈՆ ՏՐՊՉԵՍԿԻ. «ԱՅՆՔԱՆ ԵՄ ՍԻՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐ ԴԵՄ ՉԵՄ ՏՐՊՉՅԱՆ ԼԻՆԵԼՈՒՆ...»

Մակեդոնացի հանրահայտ դաշնակահար Սիմոն Տրպչեսկին արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան, սակայն Երևանում փետրվարի 12-ին առաջին անգամ ելույթ ունեցավ սոլո ծրագրով։ Մինչ այդ հայ հանդիսատեսը Տրպչեսկուն տեսել էր մրցութային համերգների ծրագրերով, սակայն դա չէր խանգարել, որպեսզի դաշնակահարը հաճելի տպավորություն թողնի երևանցի ունկնդրի վրա և ապահովի դահլիճի լիությունը։
Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Տրպչեսկու հետ կատարեց Պրոկոֆևի «Նախերգանքը հրեական թեմաներով» և Դաշնամուրի թիվ 1 և 3 կոնցերտները։ Աշխարհով մեկ տասնյակ նվագախմբերի հետ ելույթ ունեցած Տրպչեսկին նշում է, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ինքն իրեն շատ ներդաշնակ է զգում։ «Շատ ուրախալի է, որ ձեր երկրում նման պրոֆեսիոնալ երաժիշտներ կան, ովքեր սիրում են իրենց աշխատանքը և ամբողջովին տրվում երաժշտությանը», - ասաց Տրպչեսկին։
Էդուարդ Թոփչյանի կարծիքով՝ Տրպչեսկու այցելությունը Հայաստան անչափ գնահատելի է, քանի որ դաշնակահարի իրական հոնորարը Ֆիլհարմոնիկը չի կարող վճարել։ «Հավանաբար նմանություն կա մեր երկու երկրների երաժշտության միջև, որ նա այսքան սիրում է Հայաստանը ու հայերին և միշտ ձգտում է այցելել մեզ»,- հավելեց Թոփչյանը։
Ըստ Սիմոն Տրպչեսկու՝ ինքը Հայաստան այցելելու շատ պատճառներ ունի։ «Մակեդոնիան և Հայաստանն իրենց պատմությամբ և մշակութային հարստությամբ նման երկրներ են, այնպես որ ես այստեղ ինձ միշտ հարազատ եմ զգում։ Անցյալ այցելություններիս եղել եմ Գառնիում, Գեղարդում, Սևանում, ինչի շնորհիվ էլ ավելի խորն եմ ընկալել Հայստանի պատմությունը»,- նշում է արտիստը։ Կին և վեցամյա դուստր ունենալով՝ Տրպչեսկին կատակում է, որ Երևան է գալիս այստեղի գեղեցիկ աղջիկներից իր համար հարսնացու ընտրելու։ «Ես այնքան շատ եմ սիրում Հայաստանը, որ դեմ չեմ անգամ Սիմոն Տրպչյան լինելուն,- ասում է դաշնակահարը` հավելելեով,- բայց երևի պետք է հիասթափեցնեմ. իմ մեջ հայի արյուն չկա, ծնողներս մակեդոնացիներ են»։
Ցանկանալով այս անգամ տրվել մայրաքաղաքային կյանքին և ծանոթանալ Երևանի տեսարժան վայրերին՝ Տրպչեսկին մեկ օր ևս մնալու է Հայաստանում։ Հայաստանից հետո դաշնակահարը մեկնելու է հայրենիք, իսկ հետո Մեծ Բրիտանիա՝ Լոնդոնում և Լիվերպուլում շարունակելու իր համերգային շրջագայությունը։
Լուսանկարները տե՛ս այստեղ:
Լուսանկարները տե՛ս այստեղ:
Ժաննա Պողոսյան
- Created on .
- Hits: 10412