ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԹԱՓԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

2012 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներից քննարկվում է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի կառուցման հարցը։ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը տարիներ առաջ ասել էր, թե թատրոնի շենքի կառուցումը կարժենա առնվազն  2 մլն դոլլար և կտևի 1,5 տարի:

Անցել է գրեթե չորս տարի, բայց թատրոնի նոր շենքի կառուցումը դեռևս թղթի վրա է։ Ըստ նախնական նախագծի շենքը պետք է կառուցվեր Սարյան և Բուզանդի փողոցների հատման հատվածում։ Թե երբ ու որտեղ կկառուցվի շենքը, ներկա պահին անհայտ է։
Թատրոնի և կինոյի ինստիտուտի և Համազգային թատրոնի ստեղծագործական կազմի համար ներկայիս շենքի բեմը կիսելը բարդ է։

«Իսկապես հոգնել ենք թափառական լինելուց, անընդհատ բեմը կիսելուց։ Հարցը միայն այն չէ, որ մեզ են խանգարում, այլև այն, որ մենք էլ ենք խանգարում ինստիտուտին։ Անընդհատ պետք է փորձեր անեն։ Երեխաները պիտի բեմ բարձրանան, որ զգան բեմի հզորությունը, բայց նրանք այդ հնարավորությունը չունեն։ Մենք էլ չունենք լիարժեք փորձեր կատարելու հնարավորություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Գասպարյանը։

«Սոս Արտաշեսովիչի կյանքի վերջին օրերն էին, ամառանոցում էինք, աստիճաններով բարձրանում էինք, մեկ էլ շուռ եկավ, ինձ ասաց ՝ գիտես ինչ, Լիրը հրաժարվեց թագավորությունից, որովհետև հոգնել էր, բայց թատրոնի մարդը հոգնելու իրավունք չունի։ Վախենում էր թատրոնի ապագայի համար։ Ասում էր՝ եթե ես չլինեմ, էս գործը առաջ չի գնա, չնայած շատ են խոսք տվել»,-հիշում է Հրաչյա Գասպարյանը։

Թատրոնի դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը վստահեցնում է՝ Սոս Սարգսյանի գործը շարունակելու են․ «Սոս Սարգսյանն ուղղակի դերասան չէր։ Մեծ անհատ էր՝ իր գործունեությամբ, վարքով, կենցաղով, վարակիչ կեցվածքով։ Վարպետը հեռացավ, բայց մնաց մեր մեջ»։

Գասպարյանն ասում է՝ գործը կանգնած չէ։
«Վերջերս ուրիշ առիթով հանդիպեցի նախարարին։ Ուղիղ տեքստով ասաց, որ թատրոնը լինելու է։ Թե երբ, ճիշտն ասած, չգիտեմ, բայց մոտ երկու տարվա ընթացքում թատրոնի շենքը կկառուցվի»,- ասաց նա և հույս հայտնեց, որ կտեսնի նոր Համազգային թատրոնը։


Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3061

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: