ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ 7-ՐԴ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՄՓՈՓՎԵՑ

Յոթերորդ անգամ Երևանում անցկացվեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն։ Նախորդ տարիներին փառատոնը նվիրվել էր անվանի կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանին, Ռոմանոս Մելիքյանին, Տիգրան Ջուխաջյանին, իսկ այս տարի այն նվիրված էր Էդվարդ Միրզոյանի 95-ամյա հոբելյանին։
Փառատոնի բացումը տեղի էր ունեցել հունվարի 15-ին։ Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես փառատոնի շրջանակում հնչեցին ոչ միայն ճանաչված ու հայտնի ստեղծագործություններ, այլ եղան նաև պրեմիերաներ։ Բեմում ողջ փառատոնի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն էր՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։
Փառատոնի փակման համերգը բացվեց «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացման համար Արամ Նազարյանի հեղինակած սիմֆոնիկ սյուիտով։ Պերճ Զեյթունցյանի թատերգության հիման վրա բեմադրած ներկայացման երաժշտության վոկալային հատվածն ապահովում էր բարիտոն Գրիգոր Աբրահամյանը։ Այնուհետև հնչեց Արամ Սաթյանի «Երգ բնության» սիմֆոնիան՝ սոպրանո Մագդա Մկրտչյանի, մեցցո-սոպրանո Նարինե Անանիկյանի և բարիտոն Գրիգոր Աբրահամյանի կատարմամբ։
Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը նշեց, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ հին և նոր սերնդի երաժիշտները ելույթ են ունենում կողք կողքի։ «Անհնար է հրճվանք չապրել միայն այն մտքից, որ կան մեր գործը շարունակողները՝ բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ կոմպոզիտորներ և երաժիշտներ»,- ասաց Սաթյանը։
Համերգի ժամանակ Արուս Աճեմյանի մենակատարմամբ հնչեց նաև Վարդան Աճեմյանի «Հնչյունի թատրոն» կոնցերտային պոեմը։ Երեկոն եզրափակվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Սիմֆոնիա 4» ստեղծագործությամբ, որը հնչում էր առաջին անգամ։
Ժաննա Պողոսյան
- Created on .
- Hits: 3140