ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԵՐԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՎԻ

    Դարեր շարունակ հայկական գորգերն օգտագործվել են տան կահավորանքի մեջ, դրանցից ամենագեղեցիկները, նույնիսկ, կախվել են պատերից՝ որպես արվեստի գործեր: Այսօր արդեն   այդ յուրօրինակ «կտավները» կարելի է կրել հագուստի տեսքով: Տերյան մշակութային կենտրոնը հանրությանը կներկայացնի իր նոր նախաձեռնությունը՝ հագուստ հայակական գորգերի թանգարանային նմուշների նախշազարդումներով:
    Կենտրոնի տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Անցյալի ապագա»  խորագիրը կրող այս հավաքածուն գորգերի քարոզչության նոր եղանակ է, փորձ՝ հագուստի միջոցով դրանք առավելի կիրառելի և ճանաչելի դարձնելու: Հենց այդ է պատճառը, որ հագուստի գները, ըստ դիզայների,  բավականին մատչելի են և տատանվում են 5.000-50.000-ի սահմաններում: 
    Հավաքածուն հիմնականում նախատեսված է երիտասարդների համար, և դրա ստեղծման ժամանակ կենտրոնը հաշվի է առել նաև վերջիններիս նախասիրությունները: «Տարբեր համալսարաններից հրավիրել ենք ուսանողների, խնդրել՝ հայտնել իրենց տեսակետը հավաքածուի վերաբերյալ»,- նշում է տնօրենը:
    Հագուստը մեծամասմաբ կանացի է, սակայն տղամարդիկ ևս իրենց հետաքրքրող որոշ էլեմենտներ կգտնեն: Հետագայում հնարավոր է նույնիսկ, որ ստեղծվի առանձին հավաքածու՝ նախատեսված տղամարդկանց համար: Կենտրոնի դիզայները նշեց, որ գաղափարի զարգացմանն առավել նպաստել է իր այցը Հնդկաստան, որտեղի կտորներն էլ հենց օգտագործվել են հավաքածուի աշխատանքների մեջ: 
    Կենտրոնն առավելապես օգտագործել է Սյունիքի և Արցախի տարբեր շրջանների գորգերն ու դրանց առանձին նախշազարդումները: Թե հետագայում գաղափարն ինչ զարգացում կունենա, կախված է միայն հանրության արձագանքից:  
    Հավաքածուն կցուցադրվի վաղը՝ փետրվարի 19-ին ժամը 19:00-ին՝  «Մեգերյան կարպետ»  գորգերի գործարանում:
Լառա Հակոբյան 
  • Created on .
  • Hits: 3087

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: