ՉԻՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Չինական նոր տարվան զուգընթաց Հայաստանում մեկնարկեցին հայ-չինական մշակույթի օրերը: Փառատոնի բացման միջոցառումը կայացավ փետրվարի 8-ին: Հետաքրքրական է, որ իրարից բազմաթիվ կիլոմետրեր հեռու գտնվող Հայաստանը և Չինաստանը մշակութային բազմաթիվ նմանություններ ունեն: Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանի խոսքով փառատոնի նպատակը երկու երկրների մշակութային ընդհանրությունները ցույց տալն է:
Թեյերի բույրն ու կարմիր գույնի խորհուրդը
Փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ չինական թեյի և հայկական խոտաբույսերից պատրաստված թրմերի համտեսում: Ըստ Տիգրան Չոբանյանի` հայկական խոտաբույսերը ոչնչով չեն զիջում չինական թեյին. «Թե՛ մատուցման ավանդակարգով, թե' պատմության հնությամբ հայկական թեյերը ոչնոչով չեն զիջում չինականին, սակայն չին ժողովրդի քարոզի շնորհիվ չինական թեյերը համաշխարհային ճանաչում ունեն»:
Պարզվում է`հայկական և չինական պարերի միջև նույնպես նմանություն կա. դրանք նման են թե՛ բովանդակային առումով, թե՛ պարային որոշ շարժումներով: Ակնհայտ է նաև, որ երկու երկրների տարազների մեջ կարմիրը գերակշռում է: Ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահը բացատրեց, որ չնայած փիլիսոփայական առումով այն երկու երկրների համար տարբեր նշանակություն ունի,սակայն գույնի գերակայությունը վկայում է երկու երկրների նույնանման ճաշակ ունենալու մասին:
Պատմական նմանությունների արտացոլումը
Փառատոնի շրջանակներում ցուցադրվեց «Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրություն« ֆիլմը, որի ռեժիսորը հայազգի Ռուբեն Գինեյն է: Ֆիլմը պատմական ակնարկ է, որը պատմական տարբեր ժամանակահատվածներում համեմատությունների միջոցով ներկայացնում է երկու ժողովուրդների աշխարհաքաղաքական դրությունը: Ֆիլմից պարզվեց, որ երկու երկրների աշխարհաքաղաքական հարաբերությունների զարգացման գործում կարևոր նշանակություն է ունեցել Մետաքսի ճանապարհը:
Մշակութային եղբայրություն
Հայ-չինական մշակութային օրերի կազմակերպիչներից Լիլյա Կարապետյանը նշեց, որ Հայաստանում չինական մշակույթի զարգացման հեռանկարներ է տեսնում. «Այս ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն, նման են իրենց ավանդույթներով և մշակութային տարրերով: Մենք մտադիր ենք ընդլայնել ծրագիրը` հայկական մշակույթի օրեր անցկացնելով Չինաստանում:
Մշակութային օրերի մասնակից Սյուզաննա Չիլինգարյանը տպավորված էր միջոցառումներով և վստահ, որ այս տեսակ միջոցառումները երկու երկրների հարաբերությունները ամրապնդելու լավագույն միջոցն են:
Փառատոնի շրջանակներում սպասվում է չինական հիերոգլիֆներին և հայկական տառատեսակներին նվիրված միջոցառում, իսկ փառատոնը կեզրափակվի չինական և հայկական ռազմապարերով:
Էլմիրա Միրաբյան
- Created on .
- Hits: 3242