ԿԻՆԸ ԿՅԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ. «ՀԱՅՈՑ ԹԱԳՈՒՀԻՆԵՐ»

«Կինն ու կյանքը նույն արմատի բառեր են. կին` նշանակում է կյանք, կինն աստվածուհի է, իսկ աստվածը` կին»,- հնչում է Տիգրան Խզմալյանի «Հայոց թագուհիներ» ֆիլմում: Ֆիլմը նկարահնվել է 2014-ին, երկու ամիս շարունակ ցուցադրվել է ԱՄՆ-ում և ընդամենը մեկ անգամ` Երևանում: Փետրվարի 19-ին «Լոֆթ»-ում ֆիլմասեր հասարակությանը ներկայացվեց հայոց թագուհիների և հայ կնոջ կյանքի մասին պատմող 96 րոպե տևողությամբ ֆիլմը: Ֆիլմում հայ կնոջ կերպարն ուսումնասիրվում է պատմության, գրականության, երաժշտության և կինոյի ասպարեզներում՝ մայրիշխանության ժամանակներից մինչև այսօր:
Ֆիլմում հայ կնոջ կերպարը ներկայացվում է Անահիտ դիցուհուց մինչև մեր օրեր, երբ կնոջ արժանապատվությունն ու իրավունքները շատ հաճախ ոտնահարվում են:
«Հայոց թագուհիներ» ֆիլմը, նվիրված լինելով պատմության մեջ կնոջ ունեցած դերին, միաժամանակ յուրօրինակ պատմություն է կնոջ մասին. հայ կնոջ, ով ծնվում է դիցուհի և լքում կյանքն իբրև ստրկուհի: Հայ կինը շատ հաճախ չի գնահատվում հենց հայերի կողմից. «Մենք օտարազգիներին միշտ փորձում ենք մեր եկեղեցիներով և այլ կոթողներով զարմացնել, սակայն չենք էլ նկատում, որ զարմանքի ու գովեստի արժանի բազմաթիվ կանայք կան մեր պատմության մեջ»,- իր խոսքում նշեց ֆիլմի ռեժիսորը:
Ֆիլմն անդրադարձավ նաև սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումներին: Պարզվում է` Հայաստանն այդ ցուցանիշով զիջում է շատ քիչ երկրների: Տիգրան Խզմալյանը ցանկություն ունի ֆիլմի ցուցադրություն կազմակերպել նաև Գավառում: «Գավառում սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումներն ամենաշատն են, այդ քաղաքի ցուցանիշները գերազանցում են ՀՀ մյուս բոլոր քաղաքների ցուցանիշներին»:
Ֆիլմի ռեժիսորը խոստովանում է, որ շատ հայ տղամարդիկ ֆիլմը դիտելուց հետո դադարել են իր հետ խոսել, ֆեմինիստական գաղափարները մեր երկրում դեռևս լիարժեքորեն ձևավորված չեն:
Ֆիլմն սկսվեց Անահիտ դիցուհու աստվածային նկարագրությամբ և ավարտվեց պայքարի նոտայով, պայքար, որ մղվում է կանանց կողմից իրենց իսկ իրավունքների պաշտպանության համար:
«Տղամարդու գոյության միակ իմաստը կնոջ` կյանքի պաշտպանումն է»,- վերջում հավելեց Տիգրան Խզմալյանն ու վստահեցրեց, որ յուրաքանչյուր կին անկախ ամեն ինչից, ի ծնե թագուհի է:
Էլմիրա Միրաբյան
- Created on .
- Hits: 4382