«ԼԵԴԻՆ ՖՈՒՐԳՈՆՈՒՄ» ՖԻԼՄՈՎ ԲԱՑՎԵՑ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 14-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
Ռեժիսոր Նիքոլաս Հայթների «Լեդին ֆուրգոնում» (The lady in the van, 2015) ֆիլմով «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը։ Ֆիլմը պատմություն է միսս Շեփերդի մասին, ով չգիտես որտեղից հայտնվում է գրող Ալան Բեննեթթի տան դիմաց։ Գործողությունների կատարման վայրը Լոնդոնն է։ Սյուժեի կենտրոնում միսս Շեփերդի ֆուրգոնը, որտեղ էլ նա ապրում է՝ կայանելով փողոցի գրեթե բոլոր տների առջև և վերջում ապաստան գտնելով Բեննեթթի տան դիմաց։ Չնայած Շեփերդը խնդրել էր մնալ այդտեղ երեք ամիս, բայց կայանում և բնակվում է 15 տարի։
Միսս Շեփերդը հանելուկային կին է՝ անհայտ ծագմամբ։ Իր մասին քիչ բան է պատմում։ Ներկայանալուց հետո էլ ասում է՝ անունս գաղտնիք է, ոչ մեկի չասեք։ Անկեղծանում է միայն գրողի հետ, պատմում, որ դաշնամուրի է գնացել, բայց մենաստանում ծառայության անցնելուց հետո նրան արգելել են նվագել՝ պատճառաբանելով, թե երաժշտությունն էլ սատանայի ձեռքի գործն է։ Դադարեցրել է նվագելը, սկսել աղոթել։
Հանելուկային կինը դառնում է ոչ միայն գրողի հարևանը, այլև նրա գրքի հերոսուհին։ Եվ միայն Շեփերդի մահից հետո, երբ նրա կյանքն ու անցած ճանապարհը բացահայտվում են կինոդիտողի համար, գրողը ավարտին է հասցնում կնոջ մասին պատմությունը, որը լույս է տեսնում որպես գիրք։
Թե որտեղից էր միսս Շեփերդը, ինչու էր մնացել մենակ, որն էր պատճառը, որ ապրում էր ֆուրգոնում, մենք ձեզ չենք պատմի, որպեսզի առաջիկա օրերին դուք էլ գնաք «Մոսկվա» կինոթատրոն ֆիլմը դիտելու։
Փետրվարի 20-26-ը փառատոնի շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում կարող եք դիտել ինչպես «Լեդին ֆուրգոնում», այնպես էլ «Միստր Հոլմս», «Քառասունհինգ տարի», «Էմի», «Լսիր ինձ, Մառլոն», «Ծովախեցգետինը» և «Լոնդոնյան ճանապարհ» ֆիլմերը։ Հատուկ ծրագրով Փոքր թատրոնում փետրվարի 27-ին կցուցադրվի ևս երկու ֆիլմ՝ «Սիրիայի թագուհիները», «Մաքսին Փիքի Համլետը»։ Երևանում ցուցադրվելուց հետո ֆիլմերը կներկայացվեն Ապարան, Դիլիջան և Ալավերդի քաղաքներում։ Այս տարի նույնպես կինոյի սիրահարները հնարավորություն կունենան գրելու գրախոսականներ և դրանք ուղարկելու փառատոնի գրախոսականների մրցույթին։
Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել՝ www.britishcouncil.am։
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 2954