ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԻՐԱՆԱԿԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Հայաստանում Իրանի Իսլամական Հանարապետության դեսպանության Մշակույթի կենտրոնի, ՀՀ Մշակույթի նախարարության և Ազգային պատկերասրահի համագործակցության շրջանակներում այսօր՝ մարտի 11-ին, Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց «Իրանական արվեստ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է իրանցի ժամանակակից 30 մանրանկարիչների 53 աշխատանք:

«Հայաստանի Ազգային պատկերասրահի և Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանը վաղուց են համագործակցում, բայց թե՛ մշակութային, թե՛ միջազգային հարաբերությունների տեսանկյունից պահն այնքան էր հասունացել, որ ժամանակն էր համագործակցության պայմանագիր ստորագրել, և այս ցուցահանդեսն էլ  հարմար առիթ դարձավ: Ի սկզբանե նպատակ է եղել Ազգային պատկերասրահում ներկայացնել իրանական մանրանկարչությունը, քանի որ բոլորը գիտեն, որ պարսկական մշակույթի այցեքարտերից մեկը հենց մանրանկարչությունն է»,- cultural.am-ի հետ զրույցում ասաց Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխության հաղթանակի 37-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված եզակի հավաքածուն այցելուներին հնարավորություն կընձեռի պատկերացում կազմել իրանական գրականության, փիլիսոփայության, գորգագործության և, առհասարակ, արվեստի պատմության մասին:

«Ներկայացված աշխատանքների մեծ մասի հեղինակները երիտասարդ մանրանկարիչներ են, որոնք, պահպանելով իրանական մանրանկարչության հազարամյա ավանդույթները, նոր հայացք, նոր մեկնաբանություն են տվել իրանական մանրանկարչությանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի տնօրեն Մաջիդ Մոլլա Նորուզին:

Նշենք, որ մարտի 10-ին Հայաստանի Ազգային պատկերասրահի և Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ երկու երկրների միջև ամրապնդելով միջմշակութային երկխոսության կապերը:

Ցուցահանդեսը բաց է մինչև ապրիլի 11-ը:

Ալինա Նահապետյան
  • Created on .
  • Hits: 4709

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: