«ԱՇԽԱՐՀՆ ԻՆՉՊԵՍ ԿԱ». ԼՈՒՍԻՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Ապրիլի 11-ին Նարեկացի արվեստների միությունում Լուսինե Ներսիսյանի անհատական ցուցահանդեսն էր` «Աշխարհն ինչպես կա» խորագրով: Երիտասարդ նկարիչը ցանկանում է իր նկարների միջոցով ներկայացնել մի փոքր այլ իրականություն. այն իրականությունը, որը ձևավորվել է իր հույզերի ու զգացմունքների շնորհիվ:
«Նկարիչը նկարերի միջոցով պիտի կարողանա փոխանցել իր ասելիքը, փորձել եմ նաև անդրադառնալ վերջին քառօրյա պատերազմին, դա բոլորիս վրա էլ իր վատ ազդեցությունն է թողել: Ցուցահանդեսիս հիմնական նպատակը իմ աշխարհայացքը նկարներով ցույց տալն է»,- նշեց երիտասարդ նկարչուհին:
Ցուցահանդեսի հենց սկզբից նկատել էի «Մերօրյա իրականություն» նկարը, որտեղ կինը ուսերին պահել էր երկրագունդը: Երիտասարդ արվեստագետը մեկնաբանեց, որ իր աշխարհընկալմամբ հենց կանայք են այսօր երկրագունդն առել իրենց ուսերին ու կանայք են աշխարհի շարժիչ ուժը, չնայած պատմության ընթացքում և ներկայումս շատ հաճախ անտեսվում են:
«Լուսինեի աշխատանքները մտածելու տեղիք են տալիս, գույները ճաշակով են ընտրված, կոնտրաստը պահպանված է: Նկարչության ասպարեզում իր առաջին քայլերից էլ արդեն զգացվում էր, որ հետաքրքիր ձեռագիր ունեցող նկարչուհի է լինելու: Չնայած Լուսինեն դեռ ավելի է հասունանալու, բայց այնուամենայնիվ գրագետ նկարչուհու դիմագիծը ակներև է»,- նշեց Լուսինեի առաջին ուսուցիչը՝ նկարչուհի Ռուզաննա Հակոբյանը:Էլմիրա Միրաբյան
- Created on .
- Hits: 3168